Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկողությունը. ԶԼՄ-ներ

Ռուսաստանը և ԱՄՆ-ը քննարկում են ռուսական ուժերի կողմից գրավված Զապորոժիեի ատոմակայանի համատեղ կառավարումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության։ Այս մասին հաղորդել է «Կոմերսանտի» թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը, փոխանցում է Meduza-ն։

Նրա տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին խոսել է դեկտեմբերի 24-ին գործարարների հետ փակ հանդիպման ժամանակ։

«Մեր ամերիկացի գործընկերները, օրինակ, հետաքրքրություն են հայտնել Զապորոժիեի ատոմակայանում մայնինգով զբաղվելու հարցով։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ քննարկվում է նաև Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասել է Կոլեսնիկովը։

Նա հավելել է, որ, ըստ Պուտինի, ԱՄՆ-ը հարցրել է Ռուսաստանին՝ արդյո՞ք ուկրաինացի մասնագետները կարող են աշխատել ատոմակայանում: Պուտինը «պատասխանել է, որ նրանք հիմա էլ աշխատում են այնտեղ, ինչպես նախկինում, բայց այժմ ունեն ռուսական անձնագրեր», փոխանցել է Կոլեսնիկովը:

Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանը, որն ամենամեծն է Եվրոպայում, գրավել է Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր՝ ամերիկյան կողմը պնդում է, որ ատոմակայանը համատեղ շահագործվի Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից, իսկ համատեղ ձեռնարկության գլխավոր մենեջերը կլինի Միացյալ Նահանգները։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան կողմ է, որ կայանը կառավարվի բացառապես Կիևի և Վաշինգտոնի կողմից։ Այս դեպքում Ուկրաինան կստանա արտադրված էլեկտրաէներգիայի 50%-ը, իսկ մնացած 50%-ը կբաշխի Միացյալ Նահանգները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment