26 դեկտեմբերի 2025 – 12:23 AMT
PanARMENIAN.Net – ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 25–ի ճեպազրույցում տարակուսանք է հայտնել Հայաստանում այսպես կոչված «ռուսական ազդեցության գործակալների» որոնման կապակցությամբ: Նրա խոսքով՝ Մոսկվայում հետևում են ՀՀ պատկան մարմինների գործողություններին, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած քաղաքական գործչի դիտարկում են որպես «ազդեցության գործակալ», գրում է Sputnik Արմենիան։
«Ովքե՞ր են նրանք՝ ովքեր կողմ են երկկողմ հարաբերությունների զարգացմա՞նը։ Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նա մշտապես խոսում է մեր երկրի հանդեպ բարեկամական վերաբերմունքից», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է, որ եթե խոսքը գնում է ընդդիմության վրա ճնշում գործադրելու նպատակով «ռուսական գործոնի» օգտագործման մասին, ապա նման գործելաոճն անթույլատրելի է:
«Դա ընկերական, մարդկային և ժողովրդավարական չէ։ Այդ դեպքում պետք է կոնկրետ ապացույցներ ներկայացվեն», – հայտարարել է նա։
Զախարովայի գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարող է վկայել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ազգայնականության և հակառուսական արշավի դրսևորումների մասին:
«Ազգային հողի վրա թշնամիներ են փնտրում։ Ինչպե՞ս դա կոչել»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ դժվար պատմական ճանապարհ անցած հայ ժողովուրդը լավ գիտի, թե ինչի են հանգեցնում ազգային հիմքով ճնշումները, և չի աջակցում նման երևույթներին։
Նա հույս է հայտնել, որ հայ հասարակությունը թույլ չի տա նման տրամադրությունների տարածումը, իշխանությունները ևս դա չեն խրախուսի:
Զախարովան նշել է հատկապես հավատքի և կրոնի հարցերը քաղաքական նպատակներով օգտագործելու անթույլատրելիությունը` ընդգծելով, որ Մոսկվան հետևողականորեն հավատարիմ է այլ պետությունների ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, և դրանից ելնելով է հայ գործընկերների հետ երկխոսություն վարում: Նրա խոսքով՝ մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ նման մոտեցում չեն ցուցաբերում։ Զախարովան, մասնավորապես, մատնանշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, որով Հայաստանին բացահայտ առաջարկում է Մոլդովայում փորձարկված ընտրությունների կազմակերպման «լավագույն եվրոպական փորձը»:
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ Զախարովան ասել է, որ Մոսկվան դրական դինամիկա է տեսնում, հայտնում է «Վեստի Կավկազան»։
Զախարովայի խոսքով՝ տեսանելի է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ գործընթացների դրական զարգացումը: Նա կարևորել է նման նախաձեռնությունները տնտեսական համագործակցության համատեքստում։
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի ցորենի շարունակվող մատակարարումները դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Սա հաստատում է «3+3» ձևաչափի զարգացման արդիականությունը», — ավելացրել է Զախարովան։
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ վրացի գործընկերները ևս ներգրավված լինեն Հարավային Կովկասում ընթացող բոլոր գործընթացներում՝ կարևորելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը։
Ավելի վաղ իշխանական ռեսուրսներից մեկը հրապարակել էր ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրված հայերեն լեզվով ինչ-որ փաստաթուղթ, որը ներկայացվել էր որպես կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ 1986-1988թթ. ընթացքում ենթադրյալ համագործակցության մասին տեղեկանք:
Նշվում էր, որ ԱԱԾ-ի տվյալներով` արքեպիսկոպոսը ներկայում «կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության և շահերի համար»: