33-ամյա տղամարդը մաքսնանենգ ճանապարհով 2 կգ թմրամիջոց է ներկրել Հայաստան․ նա ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ մաքսնանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրում Հայաստան և զբաղվում դրանց իրացմամբ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Նոյեմբերի 13-ին` ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը: Սակայն նկատելով ոստիկաններին, նա դիմեց փախուստի` այդ ընթացքում նետելով երկու փաթեթ։
Հետապնդումը շարունակվեց մինչև Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկ: Այստեղ նա ձերբակալվեց, իսկ մոտոցիկլետը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող ընդհանուր 2 կիլոգրամից ավելի զանգվածով։
Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment