«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՀԵՆԱՍՅՈՒՆ 7․ Առանց կապիտալի շուկայի չկա իրական ներդրումային միջավայր, իսկ առանց այդ միջավայրի՝ զարգացում
📌 Հայաստանի տնտեսության ամենախորը խնդիրներից մեկը փողի պակասը չէ, այլ կապիտալի շրջանառության և վստահության բացակայությունը։
Այսօր տնտեսությունը շարունակում է աշխատել փակ, ոչ թափանցիկ մոդելով, որտեղ ներդրողը պաշտպանված չէ, կորպորատիվ կառավարումը թույլ է, իսկ արժեթղթերի շուկան՝ փաստացի գոյություն չունեցող։
📊 Թափանցիկություն՝ որպես տնտեսության նորմ
Նոր տնտեսական մոդելը պահանջում է, որ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը լինեն կանոն, ոչ թե բացառություն։
📌 Մենք առաջարկելու ենք հրաժարվել «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների բաժանումից։
Յուրաքանչյուր ընկերություն պետք է հստակ ընտրություն կատարի․ կամ գործել ՍՊԸ-ի պարզ ռեժիմով, կամ դառնալ լիարժեք բաժնետիրական ընկերություն՝ իր հաշվետվողականությամբ, բաժնետոմսերի (արժեթղթերի) հասանելիությամբ ու բորսայում շրջանառությամբ և, բնականաբար՝ պաշտպանված ներդրողով։
Սա բիզնես միջավայրը դարձնում է կանխատեսելի և ներդրողին հասկանալի։
🛡️ Ռազմավարական ընկերություններ՝ հանրային վերահսկողությամբ
Տնտեսության առանցքային ոլորտներում գործող ընկերությունները պետք է ունենան «հանրային հետաքրքրությունների ընկերություն» կարգավիճակ, որոնց կազմակերպաիրավական ձևը պետք է լինի բաժնետիրական ընկերություն։
Սա վերաբերում է՝ բանկային համակարգին, էներգետիկային, հեռահաղորդակցությանը, բնական մենաշնորհներին, ինչպես նաև հանքարդյունահանող և ենթակառուցվածքային օպերատորներին։
📌 Բարձր հաշվետվողականությունը այստեղ ոչ սահմանափակում է, այլ տնտեսական անվտանգության գործիք։
💰 Շահութահարկ՝ ներդրումը խթանող մոդելով
Արժեթղթերի շուկայի զարգացման առանցքային խթանը շահութահարկի նոր մոտեցումն է։
📈 Բաժնետիրական ընկերությունները կհարկվեն միայն շահույթի բաշխման պահին։ Չբաշխված շահույթը, որը ուղղվում է արտադրության, տեխնոլոգիաների կամ ընդլայնման վրա, չի հարկվի։
Սա խրախուսում է կապիտալի կուտակումը, երկարաժամկետ ներդրումներն ու ընկերությունների աճը։
🔗 Արժեթղթերի շուկան՝ նոր տնտեսության հենասյուն
Այս բարեփոխումների համակցված արդյունքը կձևավորի կապիտալի իրական շուկա, ներդրումները կդառնան լայն և հասանելի, բիզնեսը դուրս կգա փակ մոդելից, ինչպես նաև կբարձրանա հանրային վստահությունը տնտեսության նկատմամբ։
✈️ «Միասնության Թևեր»-ի յոթերորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Առանց զարգացած արժեթղթերի շուկայի Հայաստանը չի կարող ունենալ ներդրումային, արտադրող և երկարաժամկետ դիմակայուն տնտեսություն»։