Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը դեռ օգոստոսին հրապարակավ բացահայտորեն ընդունել է՝ շինարարության բնույթն այնպիսին է, որ փուլերի հերթականությունը խախտելու կամ կորցրած ժամանակը արագացնելով լրացնելու հնարավորություն պարզապես չկա։ Այսինքն՝ Կառավարությունը դեռ ամռանը գիտեր, որ չինական ընկերությունը լավ չի աշխատում:
Ի՞նչն է իրականում պատճառը։
Պաշտոնական բացատրությունն այն է, որ չինական ընկերությունը դեռ մրցութային փուլում ներկայացված անձնակազմը չի կարողացել ժամանակին մոբիլիզացնել։ Արդյունքում չեն մշակվել պայմանագրով նախատեսված մեթոդաբանություններն ու փաստաթղթերը, ինչն էլ խոչընդոտել է բուն շինարարական աշխատանքների մեկնարկին։ Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ինչպե՞ս է նման ռիսկը անտեսվել մրցույթի փուլում, և ինչո՞ւ է խնդիրը բացահայտվել միայն պայմանագրի մեկնարկից հետո, երբ ժամանակն ու միջոցներն արդեն սկսում էին կորցվել։
Պաշտոնյաները փաստացի ընդունում են, որ մրցութային փուլում ռիսկերի գնահատումը թերի է եղել՝ այն համարելով «ոչ իրատեսական»։ Այս մոտեցումը, սակայն, դժվար է արդարացնել մի ծրագրի դեպքում, որի ֆինանսավորումը հասնում է հսկայական ծավալների։ Գերմանական KfW բանկը ծրագրի համար տրամադրել է 68.5 մլն եվրոյի վարկ, ևս 26.7 մլն եվրո հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Խոսքը ոչ միայն ձախողվող շինարարության, այլ նաև հարկատուների ու միջազգային վարկատուների միջոցների վտանգման մասին է։
Հիշեցնենք որ Կապսի ջրամբարի շահագործմամբ նախատեսվում էր Շիրակի մարզում 17 հազար հեկտար հողի լիարժեք ոռոգում ապահովել, ևս 2300 հեկտարը՝ մեխանիկականից անցկացնել ինքնահոսի։ Այս խոստումները տարիներ շարունակ ներկայացվել են որպես մարզի գյուղատնտեսության զարգացման առանցքային հենասյուն, սակայն այսօր դրանք մնում են թղթի վրա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր տեղափոխել հարակից Ջրաձոր գյուղի 74 ընտանիքներին և կառուցել «21-րդ դարի գյուղ»։ Վարչապետը երեք տարի առաջ խոստանում էր նոր քաղաքաշինական մշակույթ, ժամանակակից ենթակառուցվածքներ և օրինակելի բնակավայր։ Սակայն պարզվում է՝ գյուղի կառուցումը նույնիսկ չի էլ սկսվել։
Խոսելով այս մեծամասշտաբ ձախողման մասին Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կապալառու ընկերությունը չի կատարել իր խոստումները, այո շինարարությունը կասեցված է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է կառավարությունը և պատվիրատու կառույցը այս մասին բարձրաձայնում միայն հիմա, երբ ծրագրի ձախողումը արդեն ակնհայտ է։ Չէ՞ որ խնդիրները հայտնի էին ամիսներ առաջ, իսկ տեմպերի անբավարար լինելը պաշտոնապես արձանագրվել էր։
Կապսի ջրամբարի պատմությունը հերթական օրինակն է, թե ինչի կարող է հանգեցնել վատ կառավարումը, թույլ վերահսկողությունը, ռիսկերի թերի գնահատումը և օտարերկրյա կապալառուների նկատմամբ անհարկի վստահությունը։ Բայց գլխավորն այն է, որ կա մեղավոր՝ ի դեմս չինական ընկերության։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: