Կառավարությունը քննարկում է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը, սակայն դեռ պարզ չէ՝ նախատեսվող փոփոխությունները կկիրառվե՞ն 2026-ի խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։
Հատկանշական է, որ «Կուսակցությունների մասին» օրենքը քննարկվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նախանշվել են այն փոփոխությունները, որոնց կարիքը գործադիրը տեսնում է։
«Կուսակցությունների մասին» օրենքը փոխելու անհրաժեշտության մասին խոսվում է 2025-ի հոկտեմբերից։ Նշվում է, որ նոր սահմանումները կարող են ազդել ընդհուպ ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու հարցի վրա։
Ի՞նչ առնչություն ունի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը «Կուսակցությունների մասին» օրենքը փոփոխելու հետ․ առաջին հայացքից տրամաբանական այս հարցն ունի նույնքան տրամաբանական բացատրություն։ Իշխանությունը ցանկանում է թափանցիկ և օրինական դաշտ բերել Հայաստանում գործող կուսակցությունները։ Բայց սա ընտրություններից առաջ ոչ մահակ է, ոչ էլ թակարդ քաղաքական ուժերի համար՝ հավաստիացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր նպատակադրումները թակարդներ դնելը չէ, որ կուսակցությունները կամ քաղաքական ուժերը թակարդի մեջ ընկնեն։ Մեր խնդիրն է անել, պարզաբանել, ամեն ջանք գործադրել համոզվելու համար, որ բոլորը պատշաճ իրազեկված են իրանց գործունեության դաշտի մասին։ Մեր խնդիրը այն չէ, որ կուսակցությունները անընդհատ խախտումներ անեն, մենք գնանք տուգանենք, գործեր հարուցենք։ Մեր խնդիրն այն է, որ նպաստենք կուսակցությունները հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն ծավալեն, ինչը միշտ չէ, որ ստացվում է։ Ես հավաստիացնում եմ, որ դա միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցությունները այդպես ուզում են խախտումներ անեն»։

Այս մտադրությունների ճանապարհին արդեն պատրաստ է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը, որի մանրամասները Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Այդ ուղեցույցով կանոններ են նախատեսվում ոչ միայն կուսակցությունների, այլև պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության համար, նախատեսվում են իրավական պատասխանատվության միջոցներ։
Կուսակցություններին վերաբերող հարցերը առնչվում են ֆինանսավորման համակարգին՝ հաշվետվողականության, թափանցիկության ապահովում, իրավական պատասխանատվության միջոցներ, բարեվարքության մեխանիզմներ։ Հայաստանի տարբեր համայնքներում վերջին ամիսներին կազմակերպված ընտրություններն ավելի ցցուն են դարձրել քաղաքական դաշտում առկա խնդիրները։ Այդ մասին անգամ բարձրաձայնում էին դիտորդական առաքելությունները։ «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը, օրինակ, նախորդ ընտրությունների օրինակներով փաստում է, որ թափանցիկության խնդիր ունեցել են գրեթե բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև՝ իշխող։
«Մենք ուսումնասիրել ենք ֆինանսական հայտարարագրեր կուսակցությունների կողմից ներկայացված և մի քանի խնդիր արձանագրենք․ բազմաթիվ շտաբային տարածքներ են ունեցել կուսակցությունները, բայց իրենց հայտարարագրում դրանց ծախսերը ներկայացված չեն։ Մասնավորապես «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ու նաև մեծ գովազդների վրա մեծ գումարներ են ծախսվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, որոնք անգամ նրանք ավելի քիչ են հայտարարագրել։ Եվ մեկ ուշագրավ դեպք․ «Մայր Հայաստան» դաշինքի դեպքում, երբ թեկնածուները մուտքեր են արել հիմնադրամին, բայց իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը ուսումնասիրելուց հասկանում ենք, որ չունեին այդքան եկամուտներ, զբաղվածություն չունեին առհասարակ, որպեսզի կարողանային յուրաքանչյուր կես միլիոն դրամի չափով ներդրումներ կատարել»։
Դեռ հոկտեմբերից վարչապետը խոսում էր կուսակցությունների թափանցիկության մասին և նոր կարգավորումները հասունացած համարում։ Իսկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․
«Ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, նույնպես համապատասխանի ժողովրդավարության և թափանցիկության կանոններին և դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնի։ Կոնսպիրատիվ կառույցները ինչի՞ համար են ընտրություններին մասնակցում, թող գնան զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ իրենց բացահայտենք»։

Թերևս վարչապետի հենց այս հայտարարությունն է այն մտավախությունների հիմքում, թե 2026-ի ընտրություններում կիրառվելու է «մոլդովական սցենարը»։ Ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պարբերաբար ահազանգում են, որ կա քաղաքական անցանկալի ուժերին ուժեր չգրանցելու և ընտրապայքարից դուրս թողնելու հավանականություն։
Այս մտավախություններին արդեն արձագանքել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որը կուսակցությունները պարտավոր են ներկայացնել, և եթե կուսակցությունը այդ փաստաթղթերը ներկայացնում է, ԿԸՀ-ն չի կարող չգրանցել։ Չի կարող նման բան լինել, որովհետև մեր օրենսդրությունը նման սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն չի տալի»։
Վերադառնալով լուծումներին, որոնք առաջարկում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը։ Կառույցը եկել է եզրակացության, որ ինչպես պետական կառավարման մարմիններում, այնպես էլ կուսակցություններում պետք է լինեն էթիկայի և բարեվարքության պատասխանատուներ։ Քննարկվում է կուսակցությունների բարեվարքության շրջանակը և դաշտը՝ ասում է վարչապետը։
«Օրինակ, հակակոռուպցիոն մեր քաղաքականությունների մշակման ճանապարհին մենք ո՞նց եկանք հասանք այն եզրակացության, որ մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, որոնք էթիկայի և բարեվարքության պատասխանատու պետք է լինեն։ Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարդիկ իրենց գործերով զբաղված են, իսկ այդ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրում։ Նույնն էլ կուսակցություններում է այդ նույն բանը տեղի ունենում։ Իմ առաջարկն այն է, որ մենք մտածենք, որ օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա կամ անձ, կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոնների հարցերով և այդ առումով նաև արդարադատության նախարարությունը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտնյոր ունենա»։
Ի դեպ, Հայաստանում ընտրությունները դիտարկող մասնագետները որպես մտահոգիչ խնդիրների պայմանական երկրորդ խումբ առանձնացնում են ատելության խոսքի գործոնը։ Բարեվարքության կանոններին հետևելու համար իշխող կուսակցությունը դեկտեմբերի սկզբին ընդունեց Էթիկայի կանոնագիրքը, որը բաղկացած է 11 կետից։ ՔՊ ներկայացուցիչները հրապարակայնորեն խոստացան՝ այլևս զուսպ են լինելու, հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանելու։ Սպասում են, որ քաղաքական դաշտի հակադիր հատվածում նույն վարքագիծը կորդեգրեն։