Դատարան է ուղարկվել Դիանա Գասպարյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ քրեական գործը

Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախաքննական մարմնի՝ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, իր ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց աջակցությամբ, ծառայողական լիազորությունները օգտագործել է ի վնաս համայնքի շահերի՝ համայնքապատկան հողատարածքները ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով օտարելով շուկայականից բազմակի ցածր գներով։

Արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր նյութական վնաս։ Հետագայում հողամասերը միավորվել, վերագրանցվել են փոխկապակցված անձանց անուններով, վաճառվել են ձևական գործարքներով, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը, և տրամադրվել են կառուցապատման թույլտվություններ՝ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով։

Գործով արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Դ.Գ.-ին և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձի (այդ թվում՝ ամուսնուն և նրա հորը) մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և գույքի չհայտարարագրման համար։

Leave a Comment