Բանակցություններին զուգահեռ՝ փոխադարձ հարվածներ են․ Կրեմլը վերլուծում է ուկրաինական պատերազմը դադարեցնելու առաջարկները

Մոսկվան մերժել է Կիևի ներկայացրած 20 կետից բաղկացած՝ խաղաղության ծրագիրը։ Լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանը մտադիր է հասնելու նրան, որ ներկայացված փաստաթղթում փոփոխություններ կատարվեն և ավելացվեն իր պահանջները։ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ վերլուծում են ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Մայամիից բերված փաստաթղթերը։

Կրեմլը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ներկայացրած՝ խաղաղության 20 կետանոց վերանայված ծրագիրը և պնդում է, որ վերանայվի, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Ռուսաստանի ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ Մոսկվան փաստաթուղթը դիտարկում է որպես հետագա բանակցությունների մեկնարկային կետ, սակայն այն չի լուծում Ռուսաստանի համար հիմնարար համարվող  բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես՝ նշվում է, որ Կրեմլը մտադիր է ավելի խիստ սահմանափակումներ նախատեսելու Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ։

Միջազգային մամուլը, հղում անելով Ուկրաինայի նախագահականի հրապարակած փաստաթղթին, պնդում է, որ Ռուսաստանը երաշխիքներ է պահանջում  ՆԱՏՕ-ի հետագա արևելյան ընդլայնման դեմ։ Նաև պահանջում է, որ ամրապնդվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Այժմյան նախագծում, սակայն, շեշտվում է միայն Կիևի՝ միջուկային կարգավիճակից զերծ մնալու հանգամանքը։

Մոսկվան նաև դժգոհ է, որ փաստաթղթով նախատեսվում է խաղաղ պայմաններում Ուկրաինայում 800 հզր զինծառայողի առկայություն։

Ավելին՝ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի հստակ երաշխիքներ, պատժամիջոցների վերացում և Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ։

Հակառակ փաստաթղթի քննադատությանը՝ Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն ամբողջությամբ մերժելու այն։ Ըստ Bloomberg-ի՝ Կրեմլը չի ցանկանում սրել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հայտարարում է առաջարկները «սառը գլխով» ուսումնասիրելու իր պատրաստակամության մասին։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի ուշ պարզաբանեց, որ Կրեմլը վերլուծում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Դմիտրիևը։

«Դմիտրիևը հնարավորություն ունեցավ մանրամասնորեն զեկուցելու նախագահին իր ուղևորության արդյունքների մասին: Պետության ղեկավարի ստացած տեղեկության հիման վրա մենք այժմ մտադիր ենք ձևակերպելու մեր հետագա դիրքորոշումը և շարունակելու մեր շփումները շատ մոտ ապագայում՝ գործող առկա ալիքներով»։

Ռուսաստանը դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել նոր առաջարկների կապակցությամբ՝ պարզաբանում է ռուսական կողմը՝ ի պատասխան Bloomberg-ի հրապարակման:

«Մենք դեռևս կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում խիստ անտեղի է լրատվամիջոցների միջոցով հաղորդակցությունը: Հետևաբար մենք չենք քննարկի, թե կոնկրետ ինչ է վերադարձրել Դմիտրիևը, և առավել ևս չենք քննարկի դա մամուլի միջոցով»:

Նախօրեին Զելենսկին ներկայացրել էր Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ծրագրի բոլոր 20 կետերը:

Փաստաթուղթը դիտարկում է Մոսկվայի ու Կիևի միջև ուժ չկիրառելու մասին համաձայնագիր՝ շփման գծում միջազգային մոնիտորինգով, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության 5-րդ հոդվածի մոդելով։

Ավելին՝ նախագծում կոչ է արվում օրենսդրորեն ամրագրելու Ռուսաստանի՝ Ուկրաինայի և Եվրոպայի վրա չհարձակվելու քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ համաձայնագիրը հստակորեն ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը։

Հիմնական հարցերից մեկը՝ տարածքային վեճը, մնում է չլուծված: Կիևի առաջարկի համաձայն՝ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից: Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում առաջարկվում է այժմյան շփման գիծն ամրագրել՝ «մնացեք այնտեղ, որտեղ գտնվում ենք» սկզբունքով:

Մոսկվան իր հերթին պահանջում է Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերել Դոնեցկի մարզից: Միացյալ Նահանգներն առաջարկում է փոխզիջում՝ ազատ տնտեսական գոտու տեսքով: Ամերիկյան նախագծով՝ այս տարբերակը հնարավոր է միայն Ուկրաինայում հանրաքվե անցկացնելուց հետո, որը կներառի համաձայնագրերի ամբողջ փաթեթը:

Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ արդյունավետ և կառուցողական էր համարել Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ Մայամիում առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել էր խաղաղության ամերիկյան ծրագրի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆը կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:

Մայամիի բանակցությունները դրական և արդյունավետ է գնահատել նաև Ուկրաինայի նախագահը:

Բանակցություններին զուգահեռ՝ փոխադարձ հարվածների մասին հաղորդագրություններ են տարածվում։

Հռոմի պապ Լևոն XIV-ը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ կոչ է արել ողջ աշխարհում պահպանելու առնվազն 24-ժամյա հրադադար՝ շեշտելով ռուս-ուկրաինական պատերազմը։

«Կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց գոնե մեկ օր խաղաղություն պահպանելու Ուկրաինայում և ամբողջ աշխարհում»։

Leave a Comment