Անհետաձգելի դեպքեր, կանխարգելիչ այցեր․կառավարությունը առողջության ապահովագրությանն առնչվող նախագծեր է հաստատել

2026 թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Տարեկան արժեքը 129․600 դրամ է, ամսական՝ 10․800։ Տարեվերջին ընդառաջ գերատեսչությունները մանրամասներ են ներկայացրել ապահովագրության ինստիտուտի ներդրման ընթացքի մասին, կառավարությունն էլ մի քանի որոշում է հաստատել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է, թե որ դեպքերում և ինչ բուժօգնություն է տրամադրվելու քաղաքացիներին։ Ըստ նախարարի՝ առաջինը անհետաձգելի դեպքերն են, երկրորդը՝ կանխարգելիչ այցը բուժհաստատություն։

Կառավարության նիստից անմիջապես հետո չգրոհել «ԱրՄեդ» համակարգ՝ առաջարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Նույն տրամաբանությամբ էլ հունվարի առաջին օրերին բուժհաստատություններ չգորհելու կոչ է անում Հայաստանի վարչապետը․

«Սիրելի 1 մլն 600 հզր հայրենակիցներ, խնդրում ենք՝ 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել, որովհետև գրոհը հիվանդության մասին չէ, հիվանդանալ-չհիվանդանալու մասին չէ: Սա առողջապահության սև ուրբաթը չէ»:

Եվ այսպես, հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այն համապարփակ չէ, ուստի ոչ բոլոր ծառայություններն է ներառում։

Առաջին փուլով՝ պետբյուջեի միջոցներով՝ համակարգ են ներառվելու մինչև 18 տարեկանները, 65+ տարեկան քաղաքացիները, 200 հզր դրամից ավելի աշխատավարձ ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները:

Ապահովագրության համար վճարող են համարվում նաև ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թ․ ունեցել են 2․400․001 դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Նշված անձինք ապահովագրավճարը, որը տարվա կտրվածքով կազմում է 129.600  դրամ, պարտավոր են կատարելու ինքնուրույն՝ 2026 թ․ ապրիլի 20-ը ներառյալ։ ԱՁ-ներն ու նոտարներն ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում համապատասխան հարկային հաշվարկը ներկայացնելուց և ապահովագրավճարի ամբողջական կատարումից հետո՝ վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Այս խմբերը ներառում են 1 մլն 6 հզր մարդու:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան․

«Թե՛ ծառայությունների, թե՛ դեղորայքի ցանկերը հրապարակված են: Ուզում եմ ասել, որ «ԱրՄեդ» հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է: Խնդրում եմ, որ մեր քաղաքացիներն այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասին: Եթե այսօր էլ ներբեռնեք, կտեսնեք, որ ունենք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ, և փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա»։

Եթե քաղաքացին 2025-ի նոյեմբերին գործատուից ստացել է 200․001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ, ապա ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկելու և պահելու 2025 թ․ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ ՀՀ պետական բյուջե այն պետք է փոխանցվի 2026 թ․ հունվարի 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ նշված վարձու աշխատողն ապահովագրված անձի կարգավիճակ կստանա 2026 թ․ հունվարի 1-ից։ Ի դեպ, եթե հաջորդող 12 ամիսներին աշխատավարձը նվազի, վարձու աշխատողը շարունակելու է ապահովագրավճար կատարել։

Եթե քաղաքացին 2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ որևէ ամսում, ստացել է 200․001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ, ապա նրա ապահովագրավճարը գործատուն պարտավոր է հաշվարկելու, պահելու և ՀՀ պետական բյուջե վճարելու համապատասխան ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 21-ը։ Կարևոր է իմանալ, որ այս կետ ներառված վարձու աշխատողներն ապահովագրված անձի կարգավիճակ կստանան ապահովագրավճարի կատարմանը հաջորդող ամսվա 1-ից:

Վարձու աշխատողների համար, 2025 թ․ դեկտեմբերից սկսած, ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500 001 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4․800 դրամ, իսկ 500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10․800 դրամ։

Իսկ եթե անձն աշխատում է մի քանի գործատուի մոտ, ապա յուրաքանչյուր գործատու ապահովագրավճարը հաշվարկում և փոխանցում է պետական բյուջե իր վճարելիք աշխատավարձից։ Միաժամանակ ապահովագրավճարի ամսական դրույքաչափը գերազանցող վճարումները վերադարձվում են վարձու աշխատողին՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացրած դիմումի հիման վրա։

Ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը նույնպես հաստատված է։ Այն, ըստ առողջապահության նախարարի՝ երկու ամսվա ընթացքում լիարժեքորեն կգործի։ «ԱրՄեդ» համակարգում հասանելի դեղորայքի ցանկն արդեն հասանելի է։

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ պետությունը շուրջ 200 մլրդ դրամ է ծախսում առողջության ապահովագրության համակարգի վրա, և այդ ծախսերը ժամանակի ընթացքում կարող են աճել մինչև 250–300 մլրդ դրամ։ 

 «Համակարգը գնահատելու է՝ եթե այս մարդու վիրահատությունն արվի 3 ամիս հետո, արդյոք առողջությանն անվերականգնելի վնաս չի պատճառվի։ Այս համակարգը, որ մենք ներդրում ենք, կառավարությանը չէ, քաղաքացիներինն է»։

Փաշինյանը կարևորում է նաև առողջ ապրելակերպի ենթակառուցվածքների հասանելիությունը մարզերում։ Նա նշում է, որ մարզական կենտրոնների նախագծերի իրականացումը միտված է ապահովելու հավասար հնարավորություններ երկրի բոլոր բնակավայրերում։ 

Leave a Comment