Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին. ինչը զավեշտալի է. քաղաքագետ

25 Դեկտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր, ասում է Նիկոլ Փաշինյանը Թրամպի ուղու վերաբերյալ հարցերի առնչությամբ, այդ թվում Իրանից վերջերս հնչած կոշտ հայտարարության վերաբերյալ:

Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե ինչ է ասում, հատկապես իրանյան հարցերի առնչությամբ:

Նախ, Փաշինյանը այնպես է խոսում մեծ նախագծերի մասին, կարծես ինքը անձնապես խոշոր նախագծերի փորձառու մասնագետ է և մասնագիտական մակարդակում է պատկերացնում մեծ և փոքր նախագծերի այդ «հարցահարույց» մասշտաբների տարբերությունը:

Սակայն, դրանից զատ: Ի՞նչ է ստացվում, հատկապես, եթե դիտարկենք, որ Փաշինյանի խոսքը հնչում է Իրանից բարձրաձայնված բավականին հստակ և կոշտ գնահատականի ֆոնին, ինչի համատեքստում է հնչել հարցը, թե արդյո՞ք կան չպարզաբանված հարցերի Իրանի հետ, որ լսվում է այդպիսի կոշտ գնահատական: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը այդ իմաստով «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին:

Հիմա պատկերացրեք՝ Հայաստանի վարչապետը, մեծ նախագծերի բնույթի և տրամաբանության վերաբերյալ դաս է տալիս Իրանին, մեծ նախագծերի առանձնահատկություն է բացատրում Իրանին:

Սա իհարկե բավականին զավեշտալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր միջպետական հարաբերության տիրույթի, այն էլ մի պետության պարագայում, որը թերևս հայտնի է ամեն մի բառի և շեշտի, տողատակի ամեն մի երանգի հանդեպ իր խիստ նրբանկատությամբ՝ որ գալիս է հազարամյակների պետականության հետագծից, և հանդարտ, սակայն խորը եզրակացությունների ու հետևությունների իր ոճով»:

Leave a Comment