
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Զբոսաշրջային կենտրոններ հայտարարելու մասին որոշում կայացրեց։
Որոշման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում՝ հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Մասնավորապես, անհրաժեշտ է ձևավորել նոր թեմատիկ ուղղություններով զբոսաշրջային երթուղիներ, կենտրոններ (կլաստերներ)։ Բացի այդ՝ դեպի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող բազմաթիվ ճանապարհներ բարեկարգված չեն և ապահովված չեն զբոսաշրջային ցուցանակներով, սանիտարական պայմաններով (ներառյալ՝ սանիտարահիգիենիկ հանգույցներով)։
Հայաստանի զբոսաշրջային այցելավայրերը դեռևս պատրաստ չեն մեծածավալ այցելուների համար։
2024 թվականի «Ճամփորդության և զբոսաշրջության զարգացման ցուցիչ»-ում «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսում Հայաստանը 84-րդ տեղում է և զիջում է տարածաշրջանի երկրներին՝ Թուրքիային (31-րդը), Վրաստանին (50-րդը), Ադրբեջանին (55-րդը) և Իրանին (77-րդը)։
Զբոսաշրջային կենտրոններ հայտարարելու որոշման ընդունման նպատակն է ՝
ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում,
զբոսաշրջային ներուժ ունեցող բնակավայրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,
կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները,
իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում,
բարելավել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը,
բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ,
ապահովել ենթակառուցվածքների` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցումը, բարելավել դրանց որակը, արդիականացնել այդ ծառայությունները, դրանց սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքները, ապահովել շարժական և անշարժ ինտերնետին հասանելիությունը կամ բարելավել ինտերնետ կապի որակը,
խթանել զբոսաշրջության բնագավառում ներգրավված սուբյեկտների կողմից բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը՝ ապահովելով կայուն զարգացում։
Իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ, ինչպես նաև մշակվելու է զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան։ Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։
Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը։