
1920 թ. դեկտեմբերի 25-ին, Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն (մայրաքաղաքը՝ Գորիս), մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։ Հանրապետության ղեկավար նշանակվեց սպարապետ Գարեգին Նժդեհը։ 1921 թվականի ապրիլի 26-ին, կրկին Տաթևի վանքում, գումարվեց համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որի ընթացքում երկրամասը վերանվանվեց Լեռնահայաստան։
Նժդեհը նշանակվեց վարչապետ և արժանացավ «Խուստուփյան արծիվ» շքանշանին։ Համագումարի 95 անդամներից կազմվեց Լեռնահայաստանի խորհրդարանը։ Հետագայում Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որի վարչապետ նշանակվեց Սիմոն Վրացյանը։
Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ մղված Սյունիքի հերոսական պայքարը պատմական մեծ արժեք ունի։ Հենց այդ դիմադրության շնորհիվ է, որ Սյունիքն այսօր մաս է կազմում Հայաստանի Հանրապետության։