Ռուբիո․ Ադրբեջան–Հայաստան պատերազմը կանխվել է ԱՄՆ միջամտությամբ

Ռուբիո․ Ադրբեջան–Հայաստան պատերազմը կանխվել է ԱՄՆ միջամտությամբ

25 դեկտեմբերի 2025 – 10:25 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է տարվա արդյունքները՝ անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։ Իր տեսաուղերձում Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն կարողացել է կանխել և կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ՝ շեշտը դնելով դիվանագիտական միջամտության կարևորության վրա։

«Ադրբեջան և Հայաստան։ Պատերազմը, որը կարող էր սկսվել և դառնալ սարսափելի աղետ, կանխվեց»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կնքված խաղաղության հռչակագրին, հայտնում է Արմենպրեսը։

Պետքարտուղարն ընդգծել է նաև, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ նախագահի տված առանցքային խոստումներն արդեն կյանքի են կոչվել՝ հավելելով. «Լավագույնը դեռ առջևում է»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment