«Ջերմոցի համար եկանք ու ապրեցինք». արցախցի ընտանիքը հաստատվել է Արազափում

Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղից Էդուարդ Պողոսյանի ընտանիքն արդեն մի քանի ամիս ապրում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում: Շենքը բնակելի չէ, արտադրական կառույց է, բայց մեծ ջերմոց ունի։ Այն Արցախից տեղահանված ընտանիքի համար և աշխատատեղ, և ապրուստի միջոց է դարձել։ Պողոսյաններն արդեն Հայաստանի քաղաքացիություն են ստացել ու որոշել են պետության առաջարկած բնակարանային ծրագրի շրջանակում գնել այդ շենքը:

Արցախից տեղահանվելուց հետո Պողոսյանների ընտանիքը որոշել էր մնալ Գորիսում: Բնությունը նման է Արցախին, վերադարձն էլ ավելի հեշտ ու արագ կլիներ: Այդ մտքով նրանք Գորիսում ապրել են 1.5 տարի, բայց հետո տեղափոխվել Արմավիրի մարզ: Էդուարդ Պողոսյանն ասում է, որ իր 4 զավակներն էլ եկել ու մնացել են Հայաստանում:

«Մեծ տղաս Գորիսում է,  փոքր աղջիկս՝ Փշատավանում, մեծ աղջիկս՝ Աբովյանում:  Գորիսն այստեղից հեռու է, բայց Արցախին մոտ: Այն ժամանակ, որ մենք այնտեղ էինք մնում, ասում էի՝ մենք ավելի շուտ ենք գնալու Ղարաբաղ, քան դուք: Մեր տեղը մոտ է: Վերադարձի հույսը չենք կորցնում, չէ՜»:

Հիմա հայրենիքի մասին հուշերով են ապրում:  Տան խոսքն ու զրույցը միշտ գյուղի մասին է: Ապրել են Մարտունու շրջանի Քերթ գյուղում: Ասում է՝ փոքր թոռն էլ է հուզվում, երբ խոսք է գնում Արցախի մասին:

«Առաջին դասարանում է սովորում: Հայրենիքի մասին ինչ-որ նյութ է եղել, թոռս սկսկել է լացել: Նա որ մտքից չի գցում, կարող է նրանից մեծը գցի»:

Քերթը լեռնային բնակավայր էր, որտեղ մարդիկ զբաղվում էին  գյուղատնտեսությամբ: Էդուարդը գյուղի մեխանիզատորն է եղել, զբաղվել է նաև անասնապահությամբ: Կինը՝ Անյան, ասում է, որ փոքր անասնաֆերմա են ունեցել:

«Առաջ ավելի շատ էին, մի 18 գլուխ կով ենք ունեցել: 44-օրյա պատերազմից հետո մորթեցինք, ծախեցինք: Մի 5 գլուխ խոշոր ենք թողել, 54 գլուխ էլ՝ ոչխար»:

Շրջափակման ժամանակ, ասում է, նեղություն չեն կրել, միսն ու բանջարեղենը տնից էր, օգնել են քաղաքում ապրող իրենց հարազատներին:

Այս տարվա մայիսից ապրում են Արմավիրի մարզի Արազափ գյուղում: Տան դիմաց  ջերմոց կա, որն էլ գրավել է նրանց․ մտածել են՝ հողը կմշակեն ու կապրեն, գյուղից դուրս չեն գա: Կրտսեր տղայի ընտանիքի հետ են ապրում, ջերմոցում կանաչի  մշակում:  Գործը քիչ-քիչ գլուխ ենք բերում՝ ասում է Լյովա Պողոսյանը:

«Համեմ ենք ցանել, բոլոկի, մենք ռեդիսկա ենք ասում, սպանախ ու սամիթ: Տանելու ենք Արմավիր, չգիտեմ, դեռ կկարողնանք  վաճառենք»:

Վաճառքի կանաչին մշակության որոշակի նրբություններ ունի: Արազափում կանաչի մշակողներն արդեն հմտացել են այդ գործում և խորհուրդ են տալիս նորաբնակներին:

Տունը, որտեղ ապրում են, բնակելի չէ, արտադրական տարածք է եղել: Արցախցի ընտանիքն արդեն հարմարվել է այդ պայմաններին ու որոշել է գնել շենքը: Պողոսյաններն արդեն Հայաստանի քաղաքացիություն են ստացել ու որոշել են պետության առաջարկած բնակարանային ծրագրի շրջանակում գնել շենքը:

«Յոթ հոգի ենք, ամեն մեկին 4 մլն դրամ են տալիս: Էս տունը դեռ չգիտենք ինչքան կվաճառվի: Մենք ինչքանով որ ուզում ենք առնենք, ասում են՝ բանկն էդքան չի գնահատի: Դեռ հարց է՝ ինքն ինչքանով կարող է վաճառել: Մեր գումարն ընդհանուր 28 մլն դրամ է: Էս տնից մեզ փող կմնա, բայց մենք ուզում ենք վերանորոգել, սարքելու բաներ ունենք, էլի: Բայց դեռ հարց է, չգիտենք ոնց կլինի»:

Արտադրական տարածք համարվող երկհարկանի շենքի ներսում մեծ սրահ է, իսկ աստիճանները տանում են երկրորդ հարկի երկու փոքր սենյակներ, որոնք հավանաբար գրասենյակային տարածքներ են եղել:

«Փոքր սենյակներ են, բայց պետք է սարքվի, վերանորոգվի: Որ մոնոլիտ կառույց անենք երկու հարկանի կլինի, լավ էլ տուն է դառնալու: Փորձելու ենք սարքել, արդեն  ուրիշ  տեղ չենք գնալու»:

Լյովան երեք երեխա ունի։ Ավագը 6 տարեկան է, կրտսերը՝ երկու։ Նա Գորիսում է ծնվել, իսկ չորրորդը, որին  սպասում են, շուտով կծնվի Արազափում։

Leave a Comment