Կաթոլիկներն ու բողոքականները նշում են Ճրագալույցը
Դեկտեմբերի 24-ն արևմտյան քրիստոնեական աշխարհում Սուրբ Ծնունդին նախորդող օրն է, այն, ինչ մենք անվանում ենք Ճրագալույց:
Կաթոլիկները, բողոքականները պատրաստվում են տարվա ամենահրաշալի, ամենաբարի և ամենաընտանեկան տոնին: Մարդիկ նվերներ են գնում, համեղ ուտեստներ են պատրաստում, մի երկրում սեղանին ձուկ է, մյուսում՝ սագ կամ բադ, մեկ այլ տեղ՝ հնդկահավ, սպիտակ կամ կարմիր գինի:
Տոնածառը զարդարված է, գիշերը կգա Սանտան՝ մեր Ձմեռ պապը, նվերներ կբերի, մանուկները դրանք կբացեն արդեն ամսի 25-ին:
Սեր, անդորր, խաղաղություն, համերաշխություն, գեղեցիկ մեղեդիներ, ուրախություն մարդկանց աչքերում: Համենայն դեպս, Փրկիչը կուզեր, որ այդպես նշեն մարդիկ նրա Ծնունդը:
Տոնը և Ուկրաինայի ու Գազայի դաժան իրականությունը
Բայց իրականությունն այլ է, աշխարհի դժբախտ տարածքներում նվեր է, եթե երեխադ ևս մեկ օր է ապրել, տոնական ուտեստ է, եթե մի աման ապուր են տվել օգնություն բաժանողները: Ուրախություն է, եթե ռումբը չի ավերել խղճուկ տնակդ:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Լևոն 14-դը կոչ է անում մարդկանց՝ հրադադար հաստատել:
«Ինձ շատ է տխրեցնում այն, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է Սուրբ Ծննդյան զինադադարի խնդրանքը։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց հարգել, գոնե Փրկչի ծննդյան օրը խաղաղություն լինի: Հուսով եմ՝ նրանք կլսեն մեզ, և ամբողջ աշխարհում կարող է լինել 24-ժամյա խաղաղություն»,-ասել է Հռոմի պապը։
Ուկրաինայի արյունալի պատերազմից զատ, Սրբազան քահանայապետն անդրադարձել է նաև Գազայի վիճակին, այնտեղ ամերիկացիների միջնորդությամբ հրադադար է, բայց միևնույն է գրեթե ամեն օր իսրայելցիները հարվածներ են հասցնում տարբեր թիրախներին, պարզապես լայնածավալ գրոհներ չկան:
«Անցած օրերին կարդինալ Պիերբատիստա Պիցաբալլան այցելեց Գազայի կաթոլիկ ծխական համայնք, նրանք կարողացան միասին պատարագ մատուցել: Մեկ ժամ առաջ ես կապի մեջ էի քահանայի հետ, նրանք փորձում են նշել Սուրբ Ծնունդը, չնայած իրավիճակը շատ անկայուն է: Մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագիրը կշարունակվի, և զինադադարը կպահպանվի»,- ասել է Լևոն 14-րդը:
Պատերազմում սպանվել է 1200 հրեա և 71 հազար պաղեստինցի
Հիմա Գազայում փխրուն հրադադար է: Համատարած ավերածություն, անորոշություն: Բնակիչներից գրեթե բոլորի մոտ նկատվում է PTSD՝ post-traumatic stress disorder, թարգմանաբար՝ Հետտրավմատիկ սթրեսային խանգարում:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ներխուժել են հրեական բնակավայրեր, սպանել մոտ 1200 և պատանդառել 251 հրեայի:
Ի պատասխան այդ հանդուգն ու դաժան գրոհի, Իսրայելը ոչ պակաս դաժանությամբ գրեթե հողին է հավասարեցրել Գազան, որտեղ զոհվել է մոտ 71 հազար մարդ:
«Գոնե երեխաներին ազատել այդ ցնցունմից»
Գազայի լատինական պատրիարքարանի վարիչ Ջորջ Անտոնի փոխանցմամբ, ծխական համայնքը փորձում են օգնել երկու տարվա դժոխքը վերապրած երեխաներին:
«Մենք մի քանի միջոցառում ենք անցկացնում երեխաների համար՝ նրանց հոգեկան առողջությանը նպաստելու համար: Ուզում ենք նրանց ազատել պատերազմի վերջին երկու տարիների ընթացքում ապրած ցնցումից: Նրանք շատ են տառապել: Թող գոնե նրանք կարողանան որոշակի ուրախություն զգալ»,- ասել է Անտոնը:
20-ամյա Հիլդա Ջոզեֆ Այադն էլ կարոտախտով է խոսում սուրբծննդյան նախորդ տոների մասին:
«Բայց հիմա տոն չկա»
«Մենք հիշում ենք, թե ինչպես էինք ապրում պատերազմից առաջ, ունեինք մի տուն, որտեղ ծառ էինք զարդարում: Սուրբ Ծննդյանը սկսում էինք պատրաստվել մեկ ամիս առաջ: Գնումներ էին անում, միմյանց նվերներ էինք տալիս, շոկոլադ, ավանդական տոնական թխվածքաբլիթ: Մենք զգում էինք տոների մթնոլորտը, բայց հիմա՝ չէ, հիմա տոն չկա»,- ասել է ջահել աղջիկը:
Եվ այնուամենայնիվ նա հավատում է, որ Գազան կվերականգնվի: Բակում կամավորները մեծ տոնածառ են տեղադրել, հիացած պստիկներն այն սիրով զարդարել են, այդ պահին ռումբ կամ հրթիռ նրանց գլխին չի ընկել: Բախտները բերել է, Գազայում հրադադար է: