ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի խաղաղ գործընթացներին։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Հանդիպմանը Թրամփը շնորհավորանք է փոխանցել հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը արժանի են կայուն և երկարատև խաղաղության։ Ուշագրավ է, որ սրան զուգահեռ՝ ԱՄՆ խիստ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հայաստան այցի մասին լուրեր են շրջանառվում, որին արձագանքել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը։
Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականությունը գործնականում իրականացնելու տեսանկյունից՝ կանխատեսում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանն էլ շտապել է իր տեղեկությունը տարածելու, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն է այցելելու Հայաստան։ Այս գրառումներն արվում են ԱՄՆ նախագահի՝ նախօրեի այն հայտարարության ֆոնին, որով Թրամփը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն խաղաղությանն ուղղված գործընթացներին։
Վենսի հնարավոր այցի մասին լուրը փորձագիտական դաշտում շտապեցին կապելու օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների հետ, որոնք առնչվում են TRIPP-ի ենթակառուցվածքների ստեղծմանը, սահմանային և մաքսային կարողությունների ձևավորմանը։ Բաբաջանյանը նախորդիվ այսպիսի կարծիք էր հայտնել.
«Սա ինքնին արդեն նշանակում է, որ Միացյալ Նահանգներն իրապես փորձում է գործնականացնել և ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը, որն ամբողջությամբ Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը որպես մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջան կձևավորի, ինչը եղել է հետխորհրդային ժամանակներում Միացյալ Նահանգների հիմնական քաղաքական և ռազմավարական նպատակը»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է.
«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք»։
Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաները եղել են Ներկայացուցիչների պալատի խոսնակը և պետքարտուղարը։ Միջազգայանագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ ֆորմալ առումով կբացվի նաև Թրամփի ուղին.
«Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի՞ պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե՞ նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է»։
Միաժամանակ տասնյակ երկրներում իր դիվանագիտական ներկայացուցիչներին փոխելու կատեգորիկ որոշումը Թրամփի վարչակազմը կայացրել էր վերջերս՝ սկսելով հետ կանչել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք նշանակված շուրջ 30 դեսպանի։ Նրանց շարքում է նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել էր դեսպաններին հետկանչին առնչվող քննադատություններին՝ չհամարելով բացառիկ քաղաքական քայլ։
«Հետկանչերը ցանկացած վարչակազմի համար ստանդարտ գործընթաց են։ Դեսպանները ծառայում են նախագահի հայեցողությամբ, անկախ նրանից՝ քաղաքական որոշմամբ են նշանակված, թե կարիերային դիվանագետներ են»։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հաստատել էին դեսպանի հետկանչը՝ պարզաբանելով, որ Քրիստինա Քվինը պաշտոնավարումը կավարտի հունվարի կեսին։ Դեսպանությունը շեշտել էր, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ն ոչ միայն հանդես է գալիս որպես միջնորդ, այլև կոնկրետ քայլեր առաջարկում՝ ապահովելու TRIPP-ի կյանքի կոչման մեխանիզմները ենթակառուցվածքների և անվտանգության մասով։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերի և այլ բարձրաստիճան անձանց այցերի շեշտադրումներն այս մասին են, ԱՄՆ-ն սկսել է նաև աշխատել Հայաստանի հետ։
ԱՄՆ կոնգրեսում նաև մի շարք օրինագծեր են առաջարկվել՝ ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը հայ-ադրբեջանական պայմանավորվածություններից հետո: