Աշոտ Երկաթին տեղափոխեցին բանտ. նա կալանքը կկրի 1 տարի և 10 ամիս

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին, 1 տարի 10 ամիս ժամկետով նախատեսված կալանքը կրելու համար տեղափոխեցին բանտ։

Աշոտ Մինասյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նար խնամքի տալ են 2 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը նույնպես ունի առողջական խնդիրներ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:

Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում:

Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից:

«Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր:

Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ:

Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»:

Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին։

***

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Աշոտ Մինասյանին դատապարտել էր 1 տարի 10 ամիս 3 օր ազատազրկման։ Նա մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։

Leave a Comment