Ձյունիկ Աղաջանյան. «Մենք բազմիցս տեսել ենք այս իշխանության ղեկին նստած անձի կողմից տարբեր դրսեւորումներով հաճոյախոսությունների շռայլում հանուն իր հեռահար նպատակների»

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունների եւ Ադրբեջանի դատախազների կողմից նրանց նկատմամբ խստագույն պատժամիջոցներ կիրառելու պահանջի ֆոնին Հայաստանի վարչապետի՝ Սանկտ-Պետերբուրգում Իլհամ Ալիեւին եւ Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու քաղաքականությանը զուգընթաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնելուն՝ ասաց. «Ենթադրում եմ, որ մեր լսարանի մեծ մասի համար նման զարգացումներն այլեւս անակնկալ չեն: Մենք բազմիցս տեսել ենք այս իշխանության ղեկին նստած անձի կողմից տարբեր դրսեւորումներով հաճոյախոսությունների շռայլում հանուն հեռահար նպատակների։ Այստեղ այդ հեռահար նպատակները մի քանիսն են։

Կոնկրետ Ադրբեջանի նախագահի հասցեին երախտագիտության շարքը, որ հնչեցնում էր, բնականաբար, շնորհակալություն էր իբրեւ թե այն «բարեգործության» համար, որ Ադրբեջանը անում է՝ թույլատրելով իր տարածքով որոշակի բեռների  տեղափոխումը երկաթգծով՝ հնարավորություն տալով այդ անձնավորությանը՝ ներկայացնելու որպես խաղաղության հաստատման արդեն առհավատչյա, փորձ անելու համոզել հանրությանը, որ իր ջանքերը արդյունք են տվել եւ այդ ջանքերը մեզ այլեւս սպառնալիք չեն բերելու։ Եվ դրա համար պետք է ուղղակի ամեն ինչը՝ ազգայինը, պետականը, շահը ծալել դնել մի կողմ եւ միայն զբաղվել առեւտրով հարեւանների բյուջեն լցնելով։ Տվյալ պարագայում մեր «հրաշալի» հարեւանները դա օգտագործում են հենց մեր դեմ հարվածներն ուղղելու եւ նիզակները սրելու համար։

Այս պարագայում իր գնալը Սանկտ-Պետերբուրգ եւ հանդիպումը նախագահ Պուտինի հետ նպատակ էր հետապնդում, որպեսզի փափուկ բարձ դնի եւ համոզի, որ որեւէ խնդիր չկա, շարունակում են իբրեւ թե արդյունավետ հարաբերություններ զարգացնել եւ հընթացս նաեւ առաջադրանք դնել նախագահ Պուտինի առջեւ, որպեսզի արդեն սկսեն «առեւտուրը» երկաթգծի Իջեւանից Նախիջեւան հատվածների կառուցման համար, որի ներքո, ենթադրում եմ, ակնարկային տրամաբանությամբ հույս են տալիս, որ կերկարաձգվի Ռուսական երկաթուղիների կառավարման լիցենզիան, որը, եթե չեմ սխալվում, մյուս տարի սպառվում է։

Այսինքն, մենք տեսնում ենք բազմաշերտ հերթական խաղերի այդ շարքը, որը նպատակ ունի մի կողմից՝ հանգստացնելու ռուսական մտահոգությունները, մյուս կողմից՝ առաջ մղելու իրենց խոստացածը թե արեւմտյան ճամբարին եւ թե արեւմտյան ճամբարի ճնշման ներքո թուրք-ադրբեջանական տանդեմին, երրորդ հատվածով էլ՝ նրանց առերեւույթ համաձայնությունը ստանալու պարագայում՝ հեռու պահել նրանց ներպետական, ներքաղաքական զարգացումներին միջամտությունից՝ ազատելով իր ձեռքերը ամենաբռնաճնշիչ մեթոդներով չեզոքացնելու ընդդիմախոսներին, քաղաքականությանը հակառակվողներին՝ լինի դա հանրային, քաղաքական, փաստացիորեն նաեւ ակտիվացած եկեղեցական դաշտում:

Դրանք միտված են հայի ինքնության հենասյուների ոչնչացմանը, դիմադրողականության վերացմանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկություններով Արցախի հարցը մեկընդմիշտ մոռացության տալուն եւ ընդհանրապես ժողովրդին ամնեզիայով վարակելուն, որպեսզի նա մտածի իր  որկորի եւ փափուկ տեղերի հարմարավետության մասին»,-ասաց դիվանագետը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment