Թրաֆիքինգի զոհին գտնելու ներպետական արդյունավետ մեխանիզմներ ունենք, բայց հանցագործները դեռ դժվարորսալի են․ քննարկում ՄԻՊ գրասենյակում

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել է թրաֆիքինգի և երեխաների շահագործման մասին վերապատրաստման դասընթաց՝ ՄԻՊ աշխատակազմի, հանրային պաշտպանի գրասենյակի և ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաներն ավելի են բարդացրել առանց այն էլ դժվարբացահայտելի հանցագործությանը ժամանակին ու պատշաճ կերպով արձագանքելը։ Այդ տեսանկյունից Մանասյանը կարևորել է թե՛ մարդու իրավունքների ոլորտի պատասխանատուների, թե՛ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը։

Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանը թրաֆիքինգը դիտարկում է երկու հարթություններում՝ քրեաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության։ Առաջին դեպքում շահագործման ենթարկված անձը տուժողն է, երկրորդ դեպքում՝ զոհը։ Իսկ երևույթը մի կողմից ծանր հանցագործություն է, մյուս կողմից՝ մարդու իրավունքների լրջագույն խնդիր։ Բայց տարիներ շարունակ՝ մինչև ԵԽ կոնվենցիայի ընդունումը, այս հարցը մարդու իրավունքների տիրույթում չի քննարկվել՝ մանրամասնում է փորձագետը։

«Կարող է լսած լինեք Պալերմոյի կոնվենցիայի մասին և դրա արձանագրությունը մարդկանց թրաֆիքինգի, հատկապես կանանց և երեխաների վերաբերյալ։ Այն  քրեաիրավական տեսանկյունից է մեկնաբանում խնդիրը։ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արդեն քննարկում է այն իրավունքները, ինչը որ նշվեց՝ փոխհատուցման իրավունք, աշխատանքի իրավունք, մասնագիտական ուսուցման, կրթության իրավունք։ Մենք ունենք այլ հետաքրքիր երևույթներ, ինչպիսին է պատժից ազատվելու սկզբունքը, որ եթե անձը հանցանք է գործել շահագործման փուլում, հարկադրաբար պիտի ազատվի պատասխանատվությունից»։

Հետևաբար, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջոցները ներառում են և քրեաիրավական օրենսդրությունից բխող, և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ՝ ասում է Սերգեյ Ղազինյանը և նկատում, որ այս տեսանկյունից Հայաստանի ներպետական համակարգը եվրոպական երկրների համեմատությամբ առաջատարի դիրքերում է։

«Մենք տարիներ շարունակ բարեփոխել ենք ոլորտը և սկզբնական փուլում նույնիսկ գնահատվել ենք որպես բավականին առաջատար Եվրոպայում առհասարակ, որովհետև մենք ունենք հիմնական մի քանի մարմիններ․ խորհուրդը, որը քաղաքականությունը մշակող մարմին է ՝ փոխվարչապետի գլխավորությամբ և ոլորտի ղեկավարների տեղակալների մասնակցությամբ։ Մենք ունենք աշխատանքային խումբ, որը, ես միշտ սիրում եմ ասել, ոլորտի զարգացման լոկոմոտիվն է, որովհետև միշտ աշխատանքային խմբից ներքևից վերև տրամաբանությամբ բարձրացել է օրակարգեր՝ զարգացման ոլորտի վերաբերյալ»։

Ղազինյանը կարևորում է հատկապես այն, որ Հայաստանում կա թրաֆիքինգի զոհի նույնականացման հանձնաժողով։

«Շատ երկրներում ես առիթ ունեցել եմ մշտադիտարկման մաս լինել, որովհետև Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիայի մշտադիտարկման մարմնի անդամ եմ եղել և պիտի փաստեմ, որ սովորաբար զոհի նույնացումը, ֆորմալ ճանաչումը իրականացվում է, օրինակ, օրինականությունը հսկող դատախազի կողմից, հաճախ դառնում է քննիչը, հաճախ ոչ ոք չգիտի ով է անում» ։

Բայց ասվածը չի նշանակում, որ Հայաստանում թրաֆիքինգի ենթարկվածին գտնելն ու նույնականացնելը հեշտ գործ է՝ ասում է ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը։

«Ունենք դեպքեր, երբ երեխան, օրինակ, մի համայնքում է գտնվել, կյանքի դժվարին իրավիճակում է հայտնվել, եղել է զոհ թրաֆիքինգի, և հետագայում կրկին շարունակվել է նրա նկատմամբ նման գործողություններ իրականացում այն բանով պայմանավորված, որ կոնկրետ այլ համայնք տեղափոխվելու արդյունքում կապ չի եղել, համապատասխան տեղեկատվության փոխանակում չի իրականացվել համակարգված եղանակով, ինչը թույլ է տվել, որպեսզի համայնքները գործեն ոչ միմյանց հետ համագործակցելով և թիրախային ծրագրեր մշակելով։ Սա մեր երկրում հիմնական և առանցքային խնդիրներից է»։

ՄԻՊ Անահիտ Մանասյանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից դեռ չլուծված է մնում այն խնդիրը, որ ընտանիքի անդամները նրանց վերաբերվում են ոչ թե որպես անհատի, որն ունի իրավունքներ, այլ համարում են իրենց ենթակա մեկը, որը պետք է անի այն, ինչ ասում է ծնողը կամ խնամակալը․

«Տարբեր հարցեր նույնիսկ քննարկման առարկա չեն դարձվում,  թե խնամակալության, հոգաբարձության մարմինների կողմից, թե իրավապահ մարմինների կողմից, որոնք կարող են վաղ կանխանշաններ լինել։ Այդ թվում՝ երբ կան տարբեր հանցանքներ, թե ընտանիքի ներսում, թե ընտանիքից դուրս, շատ դեպքերում այս հարցերը ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձվում այն պատճառով, որ մեր ավանդույթների համաձայն պետք չէ մտնել, օրինակ ընտանեկան միջավայր։ Ըստ էության, նման դեպքերը ևս պետք է կանխարգելվեն իրավասու մարմինների աշխատանքի միջոցով»։

Երեխաների իրավունքների պաշտպանության ամենալուրջ մարտահրավերներից մեկը նրանց անձնական տվյալների իրավունքի խախտման դեպքերն են։ Ընդ որում, մանրամասնում է Անահիտ Մանասյանը, երեխաների անձնական տվյալները հանրայնացնում են թե՛ իրավապահները, թե՛ սոցիալական ցանցերի օգտատերերը, թե՛ լրագրողները․

«Մի շարք իրավիճակներում երեխան սեռական բռնության զոհ է դարձել, և նույնիսկ եթե երեխայի անուն ազգանունը մանրամասն չի ներկայացվում, բայց շատ դեպքերում տվյալները այնպիսի մանրամասնությամբ են ներկայացվում, որ ակնհայտ է դառնում, թե որ երեխայի մասին է խոսքը, և իհարկե, երեխան արդյունքում խոցելի է դառնում, կամ նույնը երեխային հարկադիր աշխատանքի ներգրավելիս։ Այսինքն՝ սրանք հարցադրումներ են, որոնք շատ երկար ժամանակահատված բոլորովին այլ սկզբունքների հիման վրա են կարգավորվել և իրապես առանցքային է, որպեսզի այդ խնդիրները այսօր լուծվեն մարդու իրավունքների ժամանակակից չափանիշների համաձայն»։

Թվարկված խնդիրների արդիականությունը ապացուցում են շաբաթներ առաջ անչափահասների մասնակցությամբ բռնության դեպքերը պատկերող տեսանյութերի հրապարակումը կամ հոր ձեռքերով խեղդված երեխայի մահվան դեպքը։ Մանասյանն ասում է՝ հնարավոր չէ 100 %-ով կանխարգելել նման դեպքերը, սակայն հնարավոր է առնվազն ճիշտ հասցեագրել դրանք պատասխանատու մարմիններին ու ստեղծել այնպիսի համակարգ, որի միջոցով սոցիալական աշխատողների, հոգեբանների, բժիշկների և իրավապահների ճիշտ ու միասնական աշխատանքը նվազագույնին հասցնի ողբերգական դեպքերի վիճակագրությունը։

Leave a Comment