Օվերչուկ․ Ադրբեջանի տարածքով ՀՀ տարանցվող բեռների ցանկիը կարող է ընդլայնվել

Օվերչուկ․ Ադրբեջանի տարածքով ՀՀ տարանցվող բեռների ցանկիը կարող է ընդլայնվել

24 դեկտեմբերի 2025 – 14:54 AMT

PanARMENIAN.NetՌԴ–ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանկն ընդլայնելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Օվերչուկը նշել է, որ հացահատիկից բացի, քննարկվում են պարարտանյութերի մատակարարման, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման տարբերակները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, մենք դա իսկապես կարևոր ենք համարում` ռուսական հացահատիկով բեռնված առաջին գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տեղափոխվել է Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության ընթացքում առաջին անգամ, անցել է հացահատիկով բեռնված առաջին գնացքը», – ասել է նա։

Փոխվարչապետի ճշտմամբ՝ ներկայումս իրականացվել է տվյալ տրանսպորտային միջանցքի օգտագործման հնարավորության մանրամասն մշակում այլ տեսակի բեռների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի փոխադրման համար։

Բացի այդ, Օվերչուկը հիշեցրել է, որ ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան երկաթուղային ճանապարհով ուղարկվել է նավթամթերքներով բեռնված կազմ։ Միաժամանակ Մոսկվան և Երևանը քննարկել են հակադարձ ուղղությամբ փոխադրումների՝ Հայաստանից Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով տարանցման հեռանկարները։

Փոխվարչապետի խոսքով՝ նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն ներկայումս դրանք սկսել են ստանալ գործնական բովանդակություն։

Դեկտեմբերի 23–ին հայտնի դարձավ, որ ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել ՀՀ։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել շշալցված արտադրանքի արտահանումը ցամաքային ճանապարհով։

Leave a Comment