Հայաստանի Հանրապետությունում 2021թ-ից ի վեր բացակայում է երեխայի իրավունքների պաշտպանության գործող ռազմավարական փաստաթուղթը։ 2024թ․ հունիսին հրապարակված Երեխայի իրավունքների պաշտպանության 2024–2029թթ. համալիր ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Համալիր ծրագրի նախագիծ) դեռևս գտնվում է լրամշակման փուլում։
Սույն քաղաքականության փաստաթուղթը նպատակ ունի.
- վերահաստատել երեխայի իրավունքների պաշտպանության նոր ռազմավարության ընդունման հրատապությունը,
- մատնանշել նոր ռազմավարության առաջնահերթությունները հոգեկան առողջության, ապաինստիտուցիոնալացման և երեխաների շուրջօրյա խնամքի ոլորտներում։
Նշված ոլորտները հանդիսանում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ռազմավարական առաջնահերթ ուղղություններ։
Նոր ռազմավարությունը պետք է դառնա երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության առանցքային հենարանը, ապահովելով՝
- միջոլորտային համակարգում, որտեղ առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության, արդարադատության և երեխայի իրավունքների իրացման ապահովման համար պատասխանատու գերատեսչությունները գործում են միասնական ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ,
- գերատեսչությունների հստակ պատասխանատվություն ռազմավարության մշակման, իրականացման, երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության բոլոր փուլերում,
- մշտադիտարկման և հաշվետվողականության մեխանիզմներ, որոնք թույլ կտան գնահատել ոչ միայն միջոցառումների կատարումը, այլև դրանց ազդեցությունը երեխայի իրավունքների իրացման և բարեկեցության ապահովման վրա,
- հստակ ֆինանսական պլանավորում և կայուն ֆինանսավորման աղբյուրներ, որոնք կապահովեն ռազմավարության իրագործելիությունը։
Նոր ռազմավարությունը պետք է, ի թիվս այլնի, խթանի ապաինստիտուցիոնալացման գործընթացը, համայնքահենք ծառայությունների հասանելիությունը և հոգեկան առողջության ոլորտում ծառայությունների ներդրումը և մասնագիտական ներուժի համալրումը։ Այդպիսով երեխայի իրավունքների պաշտպանության նոր ռազմավարությունը կնպաստի Հայաստանի միջազգային պարտավորությունների լիարժեք կատարմանը և երեխայի լավագույն շահի գերակայության երաշխավորմանը։
Առաջարկություններ
- Հաստատել երեխայի իրավունքների պաշտպանության նոր ռազմավարությունը՝ որպես առանձին քաղաքական փաստաթուղթ։
- Ռազմավարությունը պետք է ներառի հստակ տեսլական, նպատակներ, ազդեցության և արդյունքի չափելի ցուցիչներ՝ ապահովելով մշտադիտարկման և գնահատման մեխանիզմ։
- Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ սոցիալական, առողջապահական, կրթական, արդարադատության և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ՝ ռազմավարության իրականացման և դրա մշտադիտարկման պատասխանատվությամբ:
- Նոր ռազմավարությամբ նախատեսել միջնաժամկետ ֆինանսական պլանավորում՝ յուրաքանչյուր ուղղության համար։
- Սահմանել նվազագույն պետական բյուջետային պարտավորություններ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի իրականացման համար։
- Ապահովել ծրագրերի համաֆինանսավորում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ՝ խուսափելով, սակայն, բացառապես արտաքին ֆինանսավորմամբ իրականացումից։
- Միջոցառումները մշակելիս հաշվի առնել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ապահովելով դրանց շարունակականությունը և կայունությունը պետական ֆինանսավորմամբ։
- Ապաինստիտուցիոնալացման, հոգեկան առողջությանը վերաբերող միջոցառումները համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և միջազգային կառույցների առաջարկություններին։
Փաստաթուղթն ամբողջությամբ՝ այստեղ:
ՀՔԱՎ