«Անուղղակի ձեւով մեզ մի ասեք՝ կարո՞ղ է դուք հանցագործ եք, չէ, ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու»․ Վահագն Հովակիմյան

«Դիտորդական կազմակերպություններն իրավունք չունեն քաղաքական դիրքորոշում դրսեւորելու, սա Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի պահանջն է։ Ավելին, օրենքի 23-րդ հոդվածը դիտորդական կազմակերպություններին, դիտորդներին արգելում է զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Նոյեմբերի 15-ին մոտ 10 ժամանոց նիստ է տեղի ունեցել ԿԸՀ-ում։ Մեզ համար կարեւոր էր, որպեսզի դիտորդական կազմակերպությունների հետ այդ բաց զրույցը լինի, այն է, որ դիտորդական առաքելությունները չպետք է զբաղվեն քաղաքական գործունեությամբ։ Եթե որեւէ հասարակական կազմակերպություն մտադիր է քաղաքական գործունեությամբ զբաղվել, դա իր իրավունքն է, բայց չպիտի գրանցվի որպես դիտորդական առաքելություն։ Մեր նիստի ավարտին ունեցանք այդ պայմանավորվածությունը»,- այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի, խոսքը Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի մասի՞ն է, եւ արդյոք այս հայտարարությամբ հող են նախապատրաստում, որ խորհրդարանական ընտրություններում այդ կազմակերպությանը չգրանցեն որպես դիտորդ, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Ես անուն չեմ նշել, մենք խնդիրը քննարկել ենք նիստի շրջանակներում, նիստի ձայնագրությունը տեղադրված է։ Ես ամենեւին նպատակ չունեմ որեւէ կազմակերպության անուն այս հարթակում հնչեցնել։ Երբ ընտրությունները կնշանակվեն, եւ դիտորդական առաքելությունները կգան գրանցվելու, այդ ժամանակ է գնահատվելու իրենց վարքագիծը։ Ձեր տպավորությունն անհիմն է, որ որեւէ մեկին կանխակալ չենք գրանցելու։ Բայց մեր պահանջը կոնկրետ այդ օրը եղել է, որպեսզի դիտորդական առաքելությունները եւ քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները տարանջատվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտարկմանը, որ խոսում է դիտորդների քաղաքականացված լինելու մասին, բայց ինքն էլ էր քաղաքական թիմի անդամ եւ դարձավ ԿԸՀ նախագահ, մինչ օրս մտահոգությունները չեն փարատվում, որ ընտրությունների ժամանակ կարող է թվեր «նկարել», Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Ես իմ քաղաքական չեզոքությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ից չեմ խախտել, չեմ խախտելու։ Քաղաքական երեւույթների վերաբերյալ գնահատական ես չեմ տալիս։ Ամեն ինչ հրապարակային է, չկա որեւէ խոսք, որը կարող է գնահատվել, որ որեւէ քաղաքական ուժի նկատմամբ ես կարող եմ սուբյեկտիվ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Վահագն Հովակիմյանը դժգոհեց, որ իրենց անմեղությունն անընդհատ կասկածի տակ է դրվում․ «Անուղղակի ձեւով մեզ մի ասեք՝ կարո՞ղ է դուք հանցագործ եք։ Չէ, ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Քաղաքական ուժերը, ովքեր մրցակցության մեջ են, թող մրցեն, մեր խնդիրն է, որպեսզի մեր ընտրողի քվեն ճշգրիտ արձանագրենք, վերջ»։

Նա հավելեց․ «Ինձ համար կարեւորն այն է, որ ԿԸՀ մասին ընտրություններից հետո ոչ ոք չի հիշում։ Հարգելիներս, անգամ դուք չեք հիշում մեր մասին, եթե մենք ձեզ չհրավիրեինք, մեր մասին չէիք հիշի։ Եվ դա նշանակում է, որ մենք մեր գործը շատ ճիշտ ենք անում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment