24 դեկտեմբերի 2025 – 11:51 AMT
PanARMENIAN.Net – Երկօրյա մրցապայքարի արդյունքում Չարենցավանի քաղաքային մարզադաշտին կից մարզահամալիրում ավարտվել են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների 2025 թվականի առաջնության եզրափակիչ մենամարտերը:
Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 69 մարզիկ, հայտնում է Արմենպրեսը։
Ըստ քաշային կարգերի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոններ են դարձել` Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Յուրա Հովսեփյանը (67կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ),Գևորգ Թադևոսյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97կգ), Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջնության ընթացքը դատելու` մրցավարական աշխատանքի համար հրավիրվել էր 5 օտարերկրացի մրցավար:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնության եզրափակչին հետևում էին անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, ՕԽ ոսկե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ազգային ֆեդերացիայի ղեկավար կազմն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել է, որ ազգային թիմում նախատեսվում են փոփոխություններ՝ ընտրանուն ներգրավելով նոր մարզիկների։
«Առաջնությունից իսկապես բավականություն ստացա: Նորանոր մարզիկներ ի հայտ եկան: Սա ոգևորիչ է, քանի որ ամեն քաշային կարգում կարող է լինել մի քանի մարզիկ, ինչն էլ կբերի մրցակցության թիմի ներսում: Առաջնությունը շատ լավ էր կազմակերպված թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, թե Չարենացավանի համայնքապետարանի կողմից»,-ասel 1 Բաբալարյանը:
Գլխավոր մարզիչը ընդգծել է, որ այս տարվա առաջնությանը չեն մասնակցել Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը և Մալխաս Ամոյանը։
«Թիմում կլինեն փոփոխություններ: Ինքս տեսնում եմ մի քանի քաշային կարգի մարզիկների, որոնք կլինեն ազգային թիմում: Երիտասարդները պետք է միանան մեծերին ու եթե մեծերը չկարողանան պահպանել իրենց դիրքը` կփոխարինվեն երիտասարդներով»,-ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաքը անցկացնելու է հունվարի 10-ից։