Թուրքիայի իշխանությունները Լիբիայի իշխանություններին տեղեկացրել են, որ Անկարայի մոտակայքում Լիբիայի բանակի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն՝ Լիբիայի կառավարության աղբյուրին հղումով։
Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադդադը գտնվել է թռիչքից հետո անհետացած ինքնաթիռում, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Նրա խոսքով՝ ժամը 20:52-ին (Մոսկվայի ժամանակով) կապը կորել է 9H-DFJ գրանցման համարով Falcon 50 ինքնաթիռի հետ, որը ժամը 20:10-ին թռիչք էր կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանից: Ինքնաթիռը Հայմանա շրջանի մոտակայքում արտակարգ վայրէջքի ազդանշան է տվել:
«Անկարան լիբիական կողմին տեղեկացրել է, որ ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, և որ նրանց մարմիններն ու ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են»,-հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայի օդանավակայանից թռիչքից հետո կապը կորցրած Falcon 50 ինքնաթիռում հինգ մարդ է եղել։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ենթադրաբար, տեխնիկական անսարքության պատճառով։