2026 թվականին Երևանի բյուջեի եկամուտները նվազելու են․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը.

Առանձնացված 4 առանցքային դրույթներից առաջինը ներկայացվում է ստորև.

2026թ. Երևանի բյուջեի եկամուտները նվազելու են. նույնիսկ անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխության հաշվին ակնկալվող զգալի ավելացումը չի փոխհատուցում պաշտոնական դրամաշնորհների և պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների կտրուկ կրճատումը։

Կանխատեսվում է, որ Երևան քաղաքի 2026թ. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ։ Դրանք 2025-ի բյուջեով պլանավորված ցուցանիշի համեմատ նվազելու են 5.0%-ով կամ 7.9 մլրդ դրամով՝ չնայած, որ սեփական եկամուտներն աճելու են 4.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխությամբ։ Նվազման պատճառն այն է, որ 12.6 մլրդ դրամով կրճատվելու են ոչ սեփական եկամուտները (պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ընդհանուր գումարը)։ Այսինքն՝ ոչ սեփական եկամուտներից չափազանց մեծ կախվածությունն էապես սահմանափակում է արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունը։

Ի դեպ, ոչ սեփական եկամուտների բաղադրիչներից առաջինի՝ պաշտոնական դրամաշնորհների պլանավորվող ծավալն արդեն մի քանի տարի շարունակ նվազում է. 2026-ի պլանավորվող ցուցանիշը 2019-ից ի վեր ամենաբարձր՝ 2021-ի հաստատված բյուջեի ցուցանիշի համեմատ պակաս է 62.7%-ով կամ 16.1 մլրդ դրամով։

Ստացվում է, որ ոչ միայն սեփական եկամուտների աճը հիմնականում ապահովվելու է պարզապես օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, այլև այն բավարար չի լինելու, որպեսզի 2026-ի ընդհանուր եկամուտները 2025-ի համեմատ չնվազեն։

Շարունակելի…

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Leave a Comment