Կինոմիությունը կինոդպրոց կբացի, Հարություն Խաչատրյանն էլ կիրականացնի վաղեմի երազանքը՝ Վահան Տերյանին նվիրված ֆիլմը

Հայկական կինոյի համար աննախադեպ 2 իրադարձություն է կայացել այս տարի. դրանցից մեկը 2 ամիս Ֆրանսիայում «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն էր, մյուս որպես այդ իրադարձության արդյունք, վարպետի՝ «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ընդգրկվելը: Ինչպես ասուլիսում նշեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը, այդ առաջարկը եղել է վավերագրական կինոյի ֆրանսիական եւ միջազգային հեղինակավոր մի շարք ընկերությունների կողմից:

Մանրամասն՝ տեսանյութումhttps://www.youtube.com/watch?v=7Lg9A45jwzk

«Շատ ուրախ եմ, որ տարին ամփոփում ենք այսչափ կարեւոր եւ կինոյի համար հրաշալի նորություններով: Իսկապես աննախադեպ էր Պոմպիդու կենտրոնում ցուցադրությունը եւ դա արժանի գնահատանք էր մեր սիրելի վարպետին՝ Հարություն Խաչատրյանին, որի ծննդյան 70-ամյակն այս տարի է»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Ի թիվս այլնի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի կինոգործիչների միության եւ ԿԳՄՍ նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում Երեւանի կինոյի տան շենքում նախատեսվում է կինոդպրոց բացել, հատկապես, հավելեց, որ կան տարածքներ, որոնք ազատ են, եւ այժմ իրենք զբաղվում են դրանց նորոգման աշխատանքներով։

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ովքեր կարող են դիմել՝ կինոդպրոց ընդունվելու համար: «Կարող են դիմել ինչպես տեղացիներ, այնպես էլ այլ երկրներից ուսանողներ։ Կինոդպրոցում կարող են սովորել բարձրագույն կրթությամբ մարդիկ՝ բարձրագույն ռեժիսորական կուրսերի համար, որոնք կտեւեն 2 տարի, եւ միջնակարգ կրթություն ունեցող դիմորդները՝ երկրորդական մասնագիտություններ ձեռք բերելու համար: Այդ կուրսն էլ կտեւի մեկ տարի։ Կինոյի ոլորտում երկրորդական մասնագիտությունների պակաս շատ ենք զգում։ Կարծում եմ՝ այս կուրսում կարող ենք ընդունել 15-20 դիմորդի»,-նշեց Կինոգործիչների միության նախագահը:

Ժաննա Անդրեասյանը կարեւորեց կինոդպրոցի հիմնումը եւ կինոժառանգության պահպանությունը, նաեւ անդրադարձավ Հարություն Խաչատրյանի նկարահանելիք Վահան Տերյանին նվիրված ֆիլմին: «Դա կլինի հնարավորություն՝ մեր կինոարվեստը հարստացնելու եւս մեկ գլուխգործոցով. Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի շրջանակում կունենանք բանաստեղծի ներկայությունը մեր կյանքում ամրապնդող եւս մեկ հրաշալի միջոց»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ իբրեւ մասնակից եւ ականատես Դանիել Դանիելյանն էլ անդրադարձավ «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնում կայացած ցուցադրություններին, դրանց արձագանքներին՝ միջազգային տարբեր հարթակներում, ճանաչված կինոգետների հոդվածներին:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment