ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր,Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանն այսօր ծննդյան 97-ամյակը նշելու էԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Նրա ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»։
Համերգն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 873 համերգ, ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում՝ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ, հանդես է եկել 70 անվանի սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ։
Նշանավորելով և կարևորելով Չեքիջյանի անգնահատելի ներդրումն ու վաստակը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մշակութային հաստատությունների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումն ու միջավայրի բարելավումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 10,5 մլն դրամ է հատկացրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի փորձասենյակի նորոգման և գրասենյակային նոր գույքի ձեռքբերման համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում է Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն և ստեղծագործական ներշնչումներ: