Դեկտեմբերի 3-ին, երբ հերթական անգամ ԱԺ ՔՊ խմբակցությունը չկարողացավ քվորում ապահովել, ArmLur.am-ի լրագրող Սոնա Գրիգորյանը մոտեցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել՝ «Ինչու ՔՊ-ն չի կարողանում ապահովել ՔՊ պատգամավորների մասնակցությունը նիստերին»։ Կոնջորյանը ժպիտով լրագրողին «լավ օր» է մաղթել և հեռացել՝ առանց որևէ մեկնաբանություն տալու։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է կարճ հոդված այն մասին, որ Հայկ Կոնջորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են Ազգային ժողովի նիստերը։ Այդ հրապարակումից հետո որևէ արձագանք կամ քայլ չի եղել։
Սակայն դեկտեմբերի 16-ին Հայկ Կոնջորյանը դիմել է ԱԺ աշխատակազմին՝ նշելով, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 12։30-ի սահմաններում, Սոնա Գրիգորյանը մոտեցել է իրեն, մեկնաբանություն խնդրել, ինքը հրաժարվել է, իսկ հաջորդ օրը հրապարակվել է հոդված։ Այսինքն՝ նախկին լրագրող Հայկ Կոնջորյանը փաստացի բողոքել է, որ լրագրողը իրացրել է իր մասնագիտական իրավունքը՝ առանց իր հետ նախապես համաձայնեցնելու։ Սա «ժողովրդավարության» նոր չափորոշիչ է։
Սակայն դրանով ՔՊ պատգամավորը չի սահմանափակվել։ Դեկտեմբերի 16-ին, երբ «Ժողովուրդ օրաթերթ»-ի և ArmLur.am-ի լրագրողները հետաքրքրվել են մանիպուլատիվ հնարքներով ձեռք բերված Կոնջորյանի թանկարժեք առանձնատան թեմայով, պատգամավորը դրսևորել է անսանձ զայրույթ և անմիջապես դիմում գրել՝ պահանջելով արգելել լրագրողների մուտքը Ազգային ժողովի տարածք։
ԱԺ աշխատակազմի մասնակցությամբ իրավական աբսուրդ
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, օրենքի տառը «պահպանելու» պատրվակով, կայացրել է բացահայտ ապօրինի և աբսուրդային որոշումներ։
Դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանը նախազգուշացվել է, որ դեկտեմբերի 3-ին՝ սահմանված վայրից դուրս հարց է տվել Հայկ Կոնջորյանին և նյութ հրապարակել։ Երկու օր անց՝ նույն պատգամավորի գրության հիման վրա, նա զրկվել է հավատարմագրումից։ Որոշման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։52-ից 12։55-ի սահմաններում, Սոնա Գրիգորյանը և Քնար Մանուկյանը մոտեցել են Կոնջորյանին, վերջինս հրաժարվել է հարցազրույց տալ, ինչից հետո լրագրողները շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը՝ մինչև նրա աշխատասենյակի դուռը։ Պատգամավորը, էթիկայի ոչ մի նորմ չպահպանելով, դուռը «շրխկացրել է» լրագրողների դեմքին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: