Ալիևը փորձում է ստեղծել Պուտինի հետ հաշվի չնստողի կերպար․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկայանի կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը չմասնակցելով՝ Իլհամ Ալիևը փորձում է քաղաքական ազդակներ տալ Արևմուտքին և Թուրքիային։

«Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցությունը խորհրդանշական առումով տվյալ պետության և անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալության ու որոշակի մտերմության ցուցադրություն են Ռուսաստանի և դրա նախագահի հանդեպ»,- Facebook-ի իր էջում գրել է իրանագետը։

Հետևաբար, ըստ Ոսկանյանի, գագաթնաժողովում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայությունը համարյա վերջին պահին «զբաղվածությամբ» պայմանավորելն, ակնհայտորեն, լուրջ և իրական պատճառ չի կարող դիտարկվել։

«Իրականում քաղաքական փաստացի  այս բոյկոտը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ նախ՝ ինքն այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության», իսկ այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից և ամբողջովին ինքնուրույն դերակատար է։

Սեփական հասարակության վրա քարոզչական ազդեցության առումով էլ Պուտինի հետ, իբր, հաշվի չնստող կերպարով Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հենց իր իսկ երկրի ներսում։

Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք Բաքվի բարբարոսակա վարչախմբի պարագլուխը կհամարձակվի՞ շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո»,- ընդգծել է Վարդան Ոսկանյանը։

 

 

Leave a Comment