Հերթական տուրուդմբոցը Թուրքիայի խորհրդարանում — Հայաստանի Հանրային Ռադիո

Շատերը միացան Վարանկ vs Գյունայդին մենամարտին

Հարևան Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում,օրենսդիրները պարբերաբար հարաբերությունները պարզում ոչ միայն  բանավեճերի և քվեարկությունների, այլև ձեռնամարտի միջոցով:

Այսօր  2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերջին օրն Էր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, բռունցքները գործի են դրվել, երբ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ վեճի են բռնվել Adalet ve Kalkınma Partisi, թարգմանաբար՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Վարանկը և ընդդիմադիր Գյոքան Գյունայդինը Cumhuriyet Halk Partisi՝ Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից:

«Որտեղ են անվճար տրակտորները»

Վարանկը կշտամբել Է ընդդիմությանն, ասելով, թե Հանրապետական-ժողովրդական կուսակցություն լիդեր Օզգյուր Օզելին նախընտրական խոստումները կյանքի չի կոչել:

Դիմելով Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորներին, Վարանկը, մասնավորապես, ասել Է. «Դե բերեք ձեր լիդերին, մեր ազգը շատ լավ գիտի Օզգուր բեյի գործունեությունը: Ձեր կուսակցության կողմից կառավարվող բնակավայրերում ֆերմերները տակավին սպասում են, թե երբ կստանան Օզգուր Օզելի խոստացած անվճար տրակտորները»:

«Խոսույթի ամոթալի ցածր մակարդակ»

Սա հավանաբար հունից հանել Է ընդդիմադիրներին:Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Գյունայդինը հայտարարել Է, թե իշխող ուժն «ամոթալի ցածր մակարդակի Է իջեցնում քաղաքական խոսույթը»:

Բանավոր առճակատումը վայրկյանների ընթացքում վերաճել Է ձեռնամարտի, ընդ որում հենց խորհրդարանական ամբիոնի մոտ:

Ինչպես և կարելի Էր ենթադրել, երկու կուսակցությունների տասնյակ պատգամավորներ անմիջապես նետվել են դեպի ամբիոն՝ ոմանք գուցե փորձել են բաժանել տաքարյուն գործընկերներին, բայց «խաղաղապահ առաքելությունը» ձախողվել Է:

Ծեծկռտուքի շղթայական ռեակցիան տարածվել Է դահլիճում բոլորի վրա, բացառությամբ, թերևս, կին-օրենսդիրների, որոնք կողմերին դիմել են կռիվը դադարեցնելու ապարդյուն կոչերով:

Ծեծկռտուքը շարունակվեց ընդմիջման ժամանակ

Խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը տասը րոպե ընդմիջում Է հայտարարել, հուսալով գոնե այդպես վերականգնել կարգուկանոնը: Սակայն ծեծկռտուքը շարունակվել Է նույնիսկ ընդմիջման ժամանակ:

Ի դեպ, այդ ընթացքում դահլիճում ներկա են եղել Հանրապետական-ժողովրդական կուսակցության լիդեր Օզգուր Օզելը և Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Բյուջեն հաստատվեց

Ի վերջո, Ազգային մեծ ժողովը 320 կողմ և 249 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել Է 2026-ի բյուջեն:

Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում, տուրուդմբոցներ են եղել նաև 2024 թվականին: Այսօր պատճառը բյուջեն Էր, իսկ նախկինում թուրք պատգամավորներն իրար վրա հարձակվել են զգայուն այլ խնդիրների, օրինակ, քաղաքական դատավարությունների պատճառով:

Մի քանի անգամ խոշոր բախումներ են եղել, երբ խորհրդարանում քննարկվել Է տարատեսակ հոդվածներով մեղադրվող օրենսդիրների խափանման միջոցի ընտրությունը:

Leave a Comment