Yandex Taxi-ի վարորդ Մխիթար Մաթևոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց տաքսու վարորդների առջև ծառացած հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանք մեծամասամբ կապված են հենց Yandex Taxi-ի գործունեության հետ։
«Այսօրվա դրությամբ Yandex Taxi-ի վարորդը փող չի աշխատում․ բարձրացրել են տոկոսադրույքները, իսկ ցանկացած հավելյալ քայլի համար վարորդը ստիպված է վճարել»,- ասաց Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ սովորաբար ընկերությունը պահում է մոտ 16–17 տոկոս, իսկ «Մոյ ռայոն» գործառույթը միացնելու դեպքում գանձվում է հավելյալ տոկոս, ինչի արդյունքում ընդհանուր պահումները հասնում են 26–27 տոկոսի։
Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանում տաքսիստների մեծ մասը աշխատում է վարձակալած ավտոմեքենաներով։
«14–16 ժամ աշխատելուց հետո լինում են օրեր, որ վարորդը տուն է գնում ընդամենը 5000 դրամով։ Այս պայմաններում հնարավոր չէ նույնիսկ նվազագույն աշխատավարձ ապահովել»,- նշեց նա։
Վարորդն ընդգծեց, որ պետությունը վարորդներին դիտարկում է միայն որպես հարկ վճարող, սակայն ոչ որպես գրանցված աշխատող։
«Մեզանից հարկ են վերցնում, բայց մեր աշխատանքը որպես ստաժ չի հաշվարկվում։ Փաստացի վարորդի իրավունքները չեն պաշտպանվում»,- ասաց Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքի պայմանները չեն համապատասխանում ժամանակակից սոցիալական չափանիշներին։
«Եվրոպայում մարդը աշխատում է 8 ժամ, իսկ մեզ մոտ վարորդը աշխատում է 16 ժամ՝ առանց հանգստի, ու վերջում փող չի մնում»,- նշեց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով մեքենայի մաշվածությունն ու ծախսերը՝ վարորդը իրական շահույթ չի ստանում։
Մաթևոսյանը բարձրաձայնեց նաև անվտանգության խնդիրներ՝ կապված թմրանյութերի հնարավոր շրջանառության հետ։
«Վարորդը տեսնում է, կասկած ունի, բայց հավելվածում չկա այնպիսի հնարավորություն, որ կարողանաս դա նշել ու կանխարգելել խնդիրը»,- ասաց նա՝ նշելով, որ նման դեպքերը հաճախակի են։
Վարորդի խոսքով՝ Yandex Taxi-ն Հայաստանում ունի մենաշնորհային դիրք, ինչի հետևանքով վարորդները զրկված են այլընտրանքից։
«Մենք չենք կարող պարզապես թողնել Yandex-ը ու գնալ այլ հարթակ․ բոլոր պատվերները կենտրոնացած են այնտեղ»,- ընդգծեց նա։ Մաթևոսյանը նշեց, որ վարորդների հիմնական պահանջը միջնորդավճարի իջեցումն է։
«Մենք պահանջում ենք, որ ամբողջ գանձումը՝ ներառյալ պետական հարկերը, լինի առավելագույնը 15 տոկոս, որպեսզի վարորդը կարողանա աշխատել ու ապրել իր աշխատանքի հաշվին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում շուրջ 140–150 հազար ընտանիք ուղղակիորեն կախված է տաքսու վարորդների եկամուտներից։
«Եթե այս համակարգը չփոխվի, այդ մարդիկ չեն կարող արժանապատիվ կյանք ունենալ»,- եզրափակեց Մաթևոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: