Պետդեպն արձագանքել է տասնյակ դեսպանների հետկանչի քննադատություններին․ կփոխվի՞ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

Թրամփի վարչակազմը կատեգորիկ որոշում է կայացրել՝ միաժամանակ փոխել տասնյակ երկրներում իր դիվանագիտական ներկայացուցիչներին։ Նրանք առավելապես նախկին նախագահ Բայդենի օրոք նշանակված  դեսպաններ են, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Անդրադառնալով իրենց հասած այս տեղեկություններին՝ Politico-ի զրուցակիցներն այս քայլը գնահատել են խիստ ուշագրավ և սա համարել վառ օրինակ, թե ինչպես կարող են նախագահների փոփոխություններն ազդել ԱՄՆ դիվանագիտության  վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է հետ կանչել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք նշանակված տասնյակ դեսպանների։ Վերջինների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Այս տեղեկությունը փոխանցում են արևմտյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ՝ հղում անելով սեփական աղբյուրներին և հայտնելով, որ դեսպաններին հետ կանչի  պատճառաբանություններ չեն ներկայացվել։

Այս քայլը Թրամփի նախագահության ընթացքում դիվանագիտական կադրերի հերթական խոշոր վերադասավորումն է և արտասովոր է գնահատվում, քանի որ վերաբերում է կարիերային դիվանագետներին։ Սովորաբար նոր նախագահները փոխարինում են քաղաքական պաշտոնում նշանակված անձանց, մինչդեռ  արտաքին դիվանագիտական ծառայության աշխատակիցներին թույլատրվում է շարունակել ծառայությունը՝ անկախ վարչակազմի փոփոխությունից։

Սակայն Թրամփի վարչակազմը նախկինում բազմիցս քննադատել է պետդեպարտամենտի կարիերային համակարգը՝ այն բնութագրելով որպես «լիբերալիզմի բաստիոն» և արդեն հազարավոր աշխատակիցների հեռացրել աշխատանքից։  Ամերիկյան Արտաքին Սպառնալիքների Ասոցիացիայի (American Foreign Service Association, AFSA) նախագահ Ջոն Դինկելմանը քննադատել է այս քաղաքականությունը՝ նշելով.

«Այն կարող է լուրջ վնաս հասցնել ԱՄՆ դիվանագիտության հեղինակությանը և խաթարել վստահությունը մասնագիտական արտաքին ծառայության կարողությունների նկատմամբ»։

ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է  քննադատություններին՝ շուրջ 3 տասնյակ դեսպաններին հետ կանչելու կամ նշանակելու առնչությամբ՝  դիվանագիտական նշանակումները և փոփոխությունները բնորոշ համարելով բոլոր վարչակարգերին և դա չհամարելով բացառիկ քաղաքական քայլեր։

«Հետկանչերը ցանկացած վարչակազմի համար ստանդարտ գործընթաց են։ Դեսպանները ծառայում են նախագահի հայեցողությամբ, անկախ նրանից՝ քաղաքական որոշմամբ են նշանակված, թե կարիերային դիվանագետներ են»։

Ըստ մամուլի տեղեկությունների՝  Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն ունի շուրջ 80 թափուր դեսպանական պաշտոն, ինչը, դեմոկրատ սենատորների կարծիքով, կարող է թուլացնել երկրի դիրքերը միջազգային ասպարեզում՝ հատկապես Չինաստանի և Ռուսաստանի գործողությունների ֆոնին։

ԱՄՆ սենատը Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել էր դեռ 2022-ի դեկտեմբերի 14-ին։ Քվինը ներկայացրել է իր հավատարմագիրը 2023 թվականի սկզբին։

Հայաստանից ԱՄՆ դեսպանի հետ կանչի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեսպանատնից դեռ չկա։

Leave a Comment