Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն «անվավեր է»․ փոխվարչապետի գրասենյակի արձագանքը՝ Factor TV-ի հարցմանը

Քաղաքականություն

22.12.2025 | 17:55

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների և դրանց ժամկետների հետ կապված հարցերը դեռևս գտնվում են քննարկման փուլում: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «մոտ ապագայում» Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ևս մեկ հատված կսահմանազատվի՝ որպես հնարավոր ժամկետ նշելով 2026-ի առաջին եռամսյակը:

«․․․Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,- նշվում է պատասխանում:

Գրասենյակից հայտնել են նաև, որ այս պահի դրությամբ հանձնաժողովների հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն առկա չէ:

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment