«Սյունիքի այգի»՝ Լիոնում — Հայաստանի Հանրային Ռադիո

Դեկտեմբերի 19-ին, Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդի Լիոնի նստավայրում, խորհրդի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հրավերով տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն. ռեգիոնալ խորհրդի նստավայրի ձմեռային այգին անվանակոչվել է «Սյունիքի այգի»՝ իբրև Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի միջև բարեկամական ջերմ հարաբերությունների խորհրդանիշ, հայտնում են Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ, ռեգիոնի հատուկ խորհրդական Լորան Վոքիեն, նախագահ Ֆաբրիս Պանկուկը և Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը: Միջոցառմանը ներկա էին ռեգիոնալ խորհրդի փոխնախագահները և անդամները։

Հայաստանի գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել Օվերն-Ռոն-Ալպի կողմից Սյունիքին ցուցաբերվող շարունակական աջակցությունը և մարզի զարգացմանը նպաստող ծրագրերի նախաձեռնումը: Շնորհակալություն հայտնելով սյունեցիների հետ համերաշխության խորհրդանշական ժեստի համար՝ գլխավոր հյուպատոսը նշել է, որ Օվերն-Ռոն-Ալպը Ֆրանսիայի առաջին և առայժմ միակ ռեգիոնն է, որը Հայաստանի մարզի հետ համագործակցությունն ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրել՝ երկու մարզերի միջև ձևավորված համագործակցությունն ամրապնդելով Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքների և Օվերն-Ռոն-Ալպի 7 քաղաքների միջև համագործակցության ցանցի ստեղծմամբ:

Գլխավոր հյուպատոսը հակիրճ անդրադարձել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությանը:

2023թ. ի վեր Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը Սյունիքի մարզի հետ համագործակցության ծրագրերին հատկացրել է 923.064 եվրո: 2025թ. հոկտեմբերին հաստատվել է 320.000 եվրոյի 7 ծրագիր, որոնք նպատակ ունեն բարելավել Սյունիքի մարզի բնակիչների կյանքի որակը, մասնավորապես ոռոգման համակարգի կառուցման և առողջապահական ծրագրերի միջոցով:

Leave a Comment