Ինչպե՞ս կփոխվի հանքարդյունաբերության դերը տնտեսության մեջ

Վիճակագրությունը փաստում է, որ2023 թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 23,7 %։ Մոտ 1 %-ով նվազել է 2022–ի համեմատ։ Այդ նույն թվերը վկայում են, որ Սյունիքի մարզում աղքատության մակարդակը կազմել է 7 %, մինչդեռ Երևանում՝ 17,9 %։ Դրական միտում կա նաև Լոռու մարզում, որտեղ աղքատության մակարդակը 14,2 % է։ Փորձագետներն ընդգծում են, որ Սյունիքի և Լոռու մարզերի համեմատաբար բարձր կենսամակարդակը պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, որն ապահովում է կայուն և բարձր վարձատրվող աշխատատեղեր։  Մինչդեռ այն մարզերը, որտեղ հիմնականում կենտրոնացած են զբոսաշրջային հոսքերը, ենթակառուցվածքները և աշխատատեղերը, աչքի են ընկնում աղքատության բարձր մակարդակով․ Գեղարքունիք՝ 35,4 %, Շիրակ՝ 43,1 %, Վայոց ձոր՝ 30,9 %, Կոտայք՝ 23,2 %։ Հանքարդյունաբերության ոլորտը հետազոտել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը և ներկայացրել հանրությանը։ Որքան էլ մասնագիտական դաշտում տնտեսության կարևրագույն ուղղություն են համարում հանքարդյունաբերությունը, հակադիր կողմում մատնանշում են ոլորտի ռիսկերն ու մտահոգությունները։

Հանքարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ–ում 2021–2023 թթ․ փոփոխության է ենթարկվել՝ 5,5 %–ից հասնելով՝ 2,6–ի։ Հիմնական պատճառը, 2022–ից ռուս–ուկրաինական պատերամզով պայմանավորված, տնտեսության այլ ճյուղերի աճն էր ու Սոթքի հանքավայրի շահագործման խնդիրները։ Ոլորտի բոլոր փոփոխություններն արձանագրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով» հետազոտության մեջ։

«Վերջին տարիները (խոսքը վերաբերում է արդեն 2023-2024 թթ) հանքարդյունաբերության համար որոշակի կայունացման ժամանակաշրջան են եղել։ Օրինակ՝ այս տարվա ցուցանիշները վկայում են, որ հանքարդյունաբերությունը 1,5 % աճ է ապահովել, այսինքն՝անցած տարիների որոշակի, այսպես, նվազումից ու անկումից հետո որոշակի աճ ունենք։ Սա որպես դրական հանգամանք պետք է նշենք՝ հաշվի առնելով այն փորձությունները, որոնց միջով այս ոլորտը բավական երկար ժամանակ անցել է»։

2025 թ. հունիսի տվյալներով՝ հանքարդյունաբերության մեջ շուրջ 13 հզր աշխատատեղ կա, աշխատավարձը՝ ավելի քան 800 հզր դրամ։ Վերջին տարիներին ոլորտը ներգրավել է 600-700 մլն դոլարի ներդրումներ, որոնցից 300-350 միլիոնը՝ Ամուլսարում։ 2024–ին, սակայն, ոլորտում ներդրումները նվազել են․

«2024 թայդ ցուցանիշը փոքրինչ նվազել է, բայց Ամուլսարի զարգացման հետ մեկտեղ իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել։ Նոր գումարների ներգրավման մասով ասեմ, որ Հայաստանը այս ոլորտում առաջատարներից է»։

Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա, Կիպրոս․ այս երկրներ են Հայաստանում ոլորտի ներդրումների առաջատարները։

Հայաստանում հանքարդյունաբերական 403 ձեռնարկություն կա։ Դրանցից 41–ը չեն գործում։ 2024 թ․ ոլորտը բյուջե է մուտքագրել 130 մլրդ դրամ հարկեր, որից 102 միլիարդը բաժին է ընկել ԶՊՄԿ-ին, ընդգծում է Պարսյանը։ Հայաստանը մեծացրել է հանքարդյունաբերության արտահանումը Չինաստան։

«Չինաստանի արտահանումը, կարող ենք ասել նաև, որոշակիորեն համահունչ է նաև ժամանակակից, այսպես, ընդհանուր միտումներին։ Ներկայումս քննարկվում է «Թրիփփ»–ի  գործարկումը Մեղրու տարածքով։ Այն կարող է նաև էապես նպաստել դեպի Չինաստան արտահանման ծախսերի նվազեցմանը, բեռնափոխադրման ծախսերի նվազեցմանը, քանի որ հենց այդ ուղղությամբ երկաթուղային բեռնափոխադրումները կարող են ազդել, էապես նաև ավելացնել այս ուղղությամբ արտահանումը, նաև ծախսերը կնվազեցնեն»։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ղեկավարՎարդան Ջհանյանն ընդգծում է՝ կարևոր է ներդրումներ ներգրավել՝ տնտեսական զարգացում ապահովելու համար։ Թեև տարբեր ոլորտներ զարգանում են, տնտեսության շարժիչ ուժը, ըստ Ջհանյանի, մնում է հանքարդյունաբերությունը․

«Շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական համալիրի մասին, բայց դրանք այնքան էական ազդեցություն չունեն տնտեսության վրա, որքան հանքարդյունաբերությունը, թեև գրավիչ են հնչում»։

ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն ընդգծում է՝ վերջին տարիներին ոլորտում նվազում է արձանագրվում, բայց դա չի նշանակում, որ հանքարդյունաբերության դերը էականորեն կնվազի։

«Հանքարդյունաբերությունը փոխկապակցված է նաև այնպիսի կարևոր ոլորտների, ինչպիսին է, օրինակ, շինարարությունը, և մենք գիտենք, որ շինարարության կշիռը ՀՆԱ–ում բավական բարձր է։ Խոշոր հաշվով՝ հանքարդյունաբերությունը նաև Հայաստանում վերաբերում է թանկարժեք մետաղներին, որը միջազգային շուկայում մրցունակ է։ Այս գործոնները հաշվի առնելով, նշեմ, որ հանքարդյունաբերության դերի նվազեցումը շատ արագ տեղի չի ունենա»։

Որքան էլ ոլորտը մասնագիտական դաշտում համարում են տնտեսության շարժիչ ուժը, միևնույն է, շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով մտահոգություններ ունեն բնապահպանները։ Հանքարդյունաբերության ներկայացուցչներն էլ չեն ժխտում շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը։ Նրանք ընդգծում են, որ այդ խնդրի միակ լուծումը պատասխանատու հանքարդյունաբերության զարգացումն է։ Ասում են, որ ժամանակակից աշխարհում նորագույն տեխնոլոգիաներով աշխատելը նվազեցնում է ռիսկերը։

Leave a Comment