Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին

Դեկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Այցը կրում էր ճանաչողական բնույթ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքները և դրանց պաշտպանության ազգային կառուցակարգերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անկախ և ապաքաղաքական կառույց է, որի հիմնական գործառույթներն են մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ կարևորել է մարդու իրավունքների ոլորտում պատշաճ կրթության դերը։

«Շատ կարևոր է, որ դպրոցականները հետաքրքրված են մարդու իրավունքների ոլորտով։ Մարդու իրավունքները մեր կյանքի մասին են և մեր կյանքի անբաժանելի մասն են՝ արժեքների և արժեբանության տեսանկյունից։ Առանց մարդու իրավունքների պատշաճ կրթության հնարավոր չէ ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ։ Իրավունքների վերաբերյալ բավարար իրազեկվածությունն է նպաստում հանդուրժող և ոչ խտրական միջավայրի ձևավորմանը»,– նշել է Անահիտ Մանասյանը։

Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։

Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու պատասխաններ անմիջապես Մարդու իրավունքների պաշտպանից։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության և բովանդակալից քննարկման համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման համատեղ ուղիների մշակման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։






Կարդացեք նաև՝


Leave a Comment