Երևանում 2026–ին կշարունակվի խմելու ջրի որակի բարելավման ծրագիրը

Երևանում 2026–ին կշարունակվի խմելու ջրի որակի բարելավման ծրագիրը

22 դեկտեմբերի 2025 – 15:02 AMT

PanARMENIAN.Net – 2026 թվականին մայրաքաղաքում կշարունակվի խմելու ջրի որակի բարելավման ծրագիրը, որը կիրականացվի արդեն յոթ վարչական շրջանում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։

«2025թ. ներկայացվել էր ծրագիր՝ 4 վարչական շրջանում՝ 118 կմ երկարությամբ, խմելու ջրի որակի բարելավման համար։ Այն ներառում է ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացում, տնային միացումների ապահովում, ջրաչափական հանգույցների տեղադրում։ Այս ծրագիրն իրենից ներկայացնում է 7․1 մլրդ դրամի ծավալի աշխատանք։ Աշխատանքների գերակշիռ մասը կավարտվի 2026-ին, ունենք 13.5 հազար բաժանորդի ջրամատակարարման բարելավման արդյունք»,- նշել է Արեյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ արդեն մշակվել է նաև հաջորդական ծրագիր, որը 2026 թվականին կիրականացվի ևս յոթ վարչական շրջաններում՝ ընդգրկելով մոտ 91․6 կմ երկարությամբ ցանցի արդիականացում և նախատեսելով բարելավել ,ոտ 10 550 բաժանորդի ջրամատակարարումը։ Ծրագրի գնահատված արժեքը կազմում է 5․7 մլրդ դրամ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ կառավարության մակարդակով արդեն սկսվել են աշխատանքներ նաև կոյուղատար համակարգի արդիականացման ուղղությամբ։ Արդյունքում, քաղաքապետարանը ներկայումս զբաղվում է միայն ամենածանր ու վթարային դեպքերի կարգավորմամբ, ինչը, նրա խոսքով, զգալիորեն թեթևացրել է քաղաքային բյուջեի ծանրաբեռնվածությունը։ Ավինյանը հավելել է, որ հեղեղատար համակարգերի ուղղությամբ դեռևս մնում են լուծման ենթակա հարցեր՝ ընդգծելով, որ խոսքը մոտ 10 միլիարդ դրամի ծախսի մասին է։

Leave a Comment