22 դեկտեմբերի 2025 – 11:37 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ–ն հետ է կանչում դեսպաններին մոտ 30 երկրից, այդ թվում ՀՀ–ից` նրանք բոլորն իրենց պաշտոնները ստանձնել են նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք, հայտնում է Associated Press-ը:
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով։ Նշվում է, որ նրանք չեն դադարեցնի իրենց դիվանագիտական գործունեությունը, այլ, ԱՄՆ վերադառնալով, կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ։
Պետդեպարտամենտը հրաժարվել է մանրամասնել կոնկրետ թվերը կամ նշել ներգրավված դեսպաններին, սակայն դա համարել է «ստանդարտ գործընթաց ցանկացած վարչակազմում»: Նշվել է նաև, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է և նախագահի իրավունքն է՝ ապահովել, որ այդ երկրներում լինեն այնպիսի անձինք, ովքեր առաջ են տանում America First օրակարգը»:
Առավելապես մեծ թվով՝ 13 դեսպան հետ է կանչվելու Աֆրիկայից։
Ասիայում դեսպաններ հետ կկանչվեն հետևյալ երկրներից՝ Ֆիջի, Լաոս, Մարշալլյան կղզիներ, Պապուա Նոր Գվինիա, Ֆիլիպիններ և Վիետնամ:
Եվրոպայում փոփոխություններ կլինեն միայն 4 երկրում՝ Հայաստան, Մակեդոնիա, Մոնտենեգրո և Սլովակիա։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշանակվել է 2023–ի փետրվարին։