Անցյալ կիրակի օրվա խաղաղությունը պատահական չէ. երկրում խաղաղ էր, որովհետև գլխավոր դերակատարը մեկնել էր Ռուսաստան

Այն մարդկանց, ովքեր կազմակերպել են Եկեղեցու դեմ այս զարհուրելի արշավը, ովքեր այսօր այն իրականացնում են, և ովքեր ոտքով ջարդում են Մայր Տաճարի օծված դռները, ասելիք չունեմ։ Նրանց հետ Աստված կխոսի՝ ինչպես Իրեն է հայտնի։

Խոսքս ձեզ է՝ նրանց, ում փորձում են խաբել, ապատեղեկացնել ու շփոթեցնել։ Դուք, որ արդարություն եք որոնում, մի պահ մտածե՛ք. արդյո՞ք սրբության պաշտպան կարող է լինել նա, ով Եկեղեցում, արարողության կամ Սուրբ Պատարագի ընթացքում հայհոյում է, վիրավորում մարդկանց, սերմանում ատելություն, ստում ու պղծում սրբավայրը։

Ստի ոտքերը կարճ են։ Մի հավատացեք զրպարտություններին ու պոպուլիստական, էմոցիոնալ փուչ զառանցանքներին։ Բացե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք՝ «գլխավոր ստախոսի» բացակայության պահին նրա «նվիրյալները» ոչ թե Եկեղեցում են, այլ իրենց բներում՝ ամոթահար ու պախկված՝ սպասող հաջորդ հրահանգներին։

Իսկ անցյալ կիրակի օրվա խաղաղությունը պատահական չէ. երկրում խաղաղ էր, որովհետև գլխավոր դերակատարը մեկնել էր Ռուսաստան։ Մեկնել էր գովքը գովելու ողջ Եվրոպայի կողմից «բանադրված» ռուսաց արքայի, որի «դեմ» պայքարելու համար օրեր առաջ Եվրամիությունից փող էր «կպցրել»։

Մի՛ շփոթվեք։ Ճշմարտությունը աղմուկ չի սիրում, բայց միշտ դուրս է գալիս լույսի տակ։

Տիրատուր քահանա Սարդարյան, Բադեն-Վյուրտեմբերգի հայկական ծխերի ծխական քահանա

Leave a Comment