22 դեկտեմբերի 2025 – 11:07 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը:
Նա կարևորել է վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների տարանջատումը։
«Այս տարի մենք ամփոփում ենք մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը, որի շրջանակներում կուտակվել է համագործակցության զգալի գործնական փորձ։ Այս համատեքստում, մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։
Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։
Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում»,- ասել է ՀՀ վարչապետը։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։
«Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։ Համոզված եմ, որ Հանձնաժողովը՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը՝ փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ծառայությունների ոլորտն առանցքային դեր է սկսել խաղալ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսություններում։ Նրա դիտարկմամբ՝ այս բնագավառն ապահովում է ՀՆԱ-ի և զբաղվածության խոշոր բաժին։
«Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։ Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։
Ոչ պակաս նշանակալի ուղղություն է նաև թվայնացումը: Կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի համար։
Այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկն ապրանքների տեղաշարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումն էր։ Դրոշմավորման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։ Այս միջոցառումներն ուղղած են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։ Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն և ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, և այսօր ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը»,- հավելել է ՀՀ վարչապետը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունում համագործակցությունը գործնականում նպաստում է անդամ երկրների տնտեսական աճին։ Այս մասին նա հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր համագործակցությունն ԵԱՏՄ-ի շրջանակում զարգանում է բավականին հաջող, գործնականում նպաստում է անդամ երկրների տնտեսական աճին, բիզնեսի եկամուտների բարձրացմանը, իսկ ամենակարևորը՝ մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարելավմանը», – ասել է Պուտինը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները դեռ անելիք ունեն՝ քաղաքացիների համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Նա որպես օրինակ նշել է սահմանային հերթերի բացակայությունը, ռոումինգում բջջային կապի հասանելիությունը և վճարային համակարգերի սահմանափակումների բացակայությունը։
«Ընթացիկ տարում (ԱՏՄ-ում Բելառուսի նախագահության տարում – խմբ.) մենք փորձել ենք մեր համագործակցության օրակարգը հագեցնել հումանիտար և սոցիալական ուղղվածության հարցերով։ Հաստատվել են սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները։ Այսօր կընդունվի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Ապագայում առաջարկում ենք առանձնահատուկ ուշադրություն դարձնել առողջապահության, կրթության, մշակույթի և տեղեկատվական փոխգործակցության ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը։ Մեր աշխատանքի հիմնական նպատակը քաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ձևավորումն է», – ասել է Լուկաշենկոն կիրակի օրը՝ ԱՏՄ գագաթնաժողովում։
Նա ընդգծել է, որ «միության ուժը դրսևորվում է մարդկանց համար պարզ և հասկանալի բաներում»։
«Սահմանին հերթերի բացակայությունը, կրթություն ստանալու անխոչընդոտ հնարավորությունը և որակավորման փաստաթղթերի ճանաչումը, բժշկական օգնության և ռոումինգի պայմաններում բջջային կապի մատչելիությունը, ավանդական վճարային միջոցների օգտագործման հնարավորությունը՝ առանց չարդարացված սահմանափակումների։ Եվ այստեղ մենք դեռ անելիք ունենք», – ընդգծել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի նախագահության ծրագրում նշված բոլոր դրույթները չի հաջողվել կյանքի կոչել։
«Վստահ եմ, որ այն ամենը, ինչ օգտակար է մեզ, պահանջված կլինի նաև ապագա նախագահության ժամանակ, որն անցնում է Ղազախստանին», – ասել է նա։