Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայում՝ E-draft հարթակում հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը։ Առողջապահությամն նախարարության կողմից առաջարկվող նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր այն բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ պայմանագիր կնքելու համար, որոնք բավարարում են կառավարության կողմից սահմանված նվազագույն պահանջներին, ինչը, որպես վերջնարդյունք, ապահովելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումը, ապահովագրական փաթեթի որակյալ մատուցումը:
Նախագծին կարող եք ծանոթանալ կայքում։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է բժշկական կազմակերպությունների և դեղատների համար պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջներ սահմանելու, ինչպես նաև պայմանագիր կնքելու ընթացակարգը հաստատելու իրավասություն:
Նշված նվազագույն պահանջների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել այն բժշկական կազմակերպությունների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի ապահովագրված անձին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը, այն դեղատների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի դեղերի պատշաճ տրամադրումը:
Ըստ այդմ, սույն նախագիծը ուղղված է այնպիսի նվազագույն պահանջներ սահմանելուն, որոնց բավարարման պարագայում միայն բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կնքվի հօգուտ երրորդ անձի պայմանագրեր: Բացի այդ, նախագծով կարգավորվում են պայմանագիր կնքելու ընթացակարգի հետ կապված հարցերը՝ սկսած հրապարակային օֆերտա ներկայացնելուց մինչև պայմանագրի կնքման հարցի բավարարում կամ մերժում, իսկ բավարարման պարագայում՝ պայմանագրի կնքում։
Նախագծերով ներկայացվում են հետևյալ հիմնական կարգավորումները.
Առաջարկվում է որպես պայմանագիր կնքելու նվազագույն պահանջ, ի թիվս այլ պահանջների, բժշկական կազմակերպությունների համար սահմանել`
- բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի իրականացման լիցենզիա ունենալու պահանջը,
- բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելու և դրանք ապահովելու պահանջը,
- անհրաժեշտ սարքավորումներ, մահճակալային ֆոնդ, շենքային պայմաններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ իրականացնելու հնարավորություններ ունենալու պահանջը:
Նշվածը կապահովի ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, ապահովագրված անձանց իրավունքների, օրինական շահերի և առողջության պաշտպանությունը, անվտանգության ապահովումը:
Լիցենզավորված լինելու, ինչպես նաև առողջապահության բնագավառի իրավական ակտերը պահպանելու պահանջի հետ սերտորեն առնչվում է նաև պայմանագիր կնքելուն նախորդող վերջին 3 տարիների կտրվածքով բժշկական կազմակերպության մոտ իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների, դիտարկումների, մշտադիտարկումների ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կոպիտ խախտումներ չհայտնաբերելու, բժշկական կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված դրույթների էական խախտումներ չհայտնաբերելու կամ առկայության դեպքում դրանք վերացնելու հանգամանքը, ինչպես նաև պայմանագիրը կնքելու պահին բժշկական կազմակերպության լիցենզիան կասեցված չլինելու հանգամանքը «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 3.1, 4-րդ, 5-րդ, 7-8-րդ կետերով սահմանված հիմքերով:
Նվազագույն պահանջների մեկ այլ խումբ վերաբերում է ֆինանսական հատվածին` մասնավորապես «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ»-ի և բժշկական կազմակերպության միջև հօգուտ ապահովագրված անձի պայմանագիր կնքելուն նախորդող տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով բժշկական կազմակերպության մոտ հաշվեկշռային շահույթի առկայությունը, սնանկ չճանաչված լինելուն, ՀՀ հարկային վճարների գծով ժամկետանց պարտավորություններ չունենալուն:
Բացի այդ, նախատեսվում է պացիենտների գոհունակության և որակի գնահատման համակարգեր ունենալու պահանջ:
Նույն տրամաբանությամբ դեղատների համար ևս սահմանվել են այն նվազագույն պահանջները, որոնք իրենց բնույթով կիրառելի են դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ:
Պայմանագիր կնքելու ընթացակարգի տեսանկյունից նախագծով առաջարկվում է հետևյալը՝
- Հիմնադրամի կողմից հրապարակային օֆերտայի հրապարակում,
- Կազմակերպությունների կողմից դրա ակցեպտի ներկայացում՝ կից նաև ներկայացնելով նվազագույն պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները,
- Ներկայացված տվյալների և փաստաթղթերի գնահատում՝ Հիմնադրամի իրավասու ստորաբաժանումների կողմից,
- Պայմանագիր կնքելու կամ մերժելու վերաբերյալ հարցի քննարկում և որոշման կայացում,
- Ըստ կայացված որոշման համապատասխանաբար տվյալ սուբյեկտի ընդգրկում ապահովագրական փաթեթ մատուցող կազմակերպությունների ցանկում,
- Ներկայացված տվյալների կամ նվազագույն պահանջների ցանկացած փոփոխման դեպքում՝ նոր ակցեպտի ներկայացում։
Նախագծով նաև սահմանում է ակցեպտի ընդունման, մերժման, լրացուցիչ տեղեկություն պահանջելու, ինչպես նաև ընդունված որոշման բողոքարկման կարգը։ Ակցեպտի չմերժվելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված, ինչը ապահովում է գործընթացի կանխատեսելիությունը, իրավական հստակությունը։
Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող պայմանագիր կնքելու կարգավորումների արդյունքում ակնկալվում է նաև ապահովել միատեսակ, թափանցիկ և կանխատեսելի պայմանագիր կնքելու իրավական ընթացակարգ, բարձրացնել առողջապահական ծառայությունների մատուցման որակը, ապահովել ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, այդ թվում՝ որակի, հասանելիության և անվտանգության մասով, չընդգրկել ցանկում այն կազմակերպություններին, որոնք չեն բավարարում սահմանված պահանջներին, ստեղծել լիարժեք գործարկելի պայմանագրային հարաբերություններ, որոնք հիմք կծառայեն առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ ներդրման և շարունակականության համար։