Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է «սերուցքայինների» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում ակումբի կազմում խփած գոլերի իր ռեկորդի կրկնությանը։
Լա Լիգայի 17-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղում (2-0) ֆրանսիացին խփեց իր 59-րդ գոլը «արքայական» ակումբի կազմում՝ 2025 թվականին։
Խաղից հետո Մբապեն սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ հարգանքի տուրք մատուցելով պորտուգալացուն։ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հրապարակումը՝ թողնելով երկու էմոջի՝ վեր բարձրացրած ձեռքեր և կրակ։

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» կազմում 59 գոլ էր խփել 2013 թվականին։ Մեկ օրացուցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով առաջատարը «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին է․ 2012 թվականին արգենտինացին աչքի է ընկել 91 անգամ։