
Հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) կպարգևատրվի Ձայնագրման ակադեմիայի հատուկ` «Կյանքի նվաճումների» մրցանակով՝ 2026 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակում։
Հայտնի երգչուհին ընդգրկվել է այս տարվա հատուկ մրցանակակիրների ցանկում՝ երաժշտության և համաշխարհային փոփ մշակույթի վրա ունեցած երկարամյա ազդեցության համար։
Պատվավոր մրցանակը կհանձնվի Գրեմմիի շաբաթվա Special Merit Awards Ceremony-ի ժամանակ՝ 2026 թվականի հունվարի 31-ին, Լոս Անջելեսի Wilshire Ebell Theatre-ում՝ Crypto.com Arena-ում կայանալիք 68-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ։
Շերը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենաերկարակյաց և ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաջողություններ գրանցելով թե՛ երաժշտության, թե՛ կինոյի և հեռուստատեսության ոլորտներում։
Շերից բացի, 2026 թվականի «Կյանքի նվաճումների» մրցանակի դափնեկիրների թվում են Ուիթնի Հյուսթոնը, Կառլոս Սանտանան, Չակա Խանը, Ֆելա Կուտին և Փոլ Սայմոնը։ Ձայնագրման ակադեմիան նաև հայտարարել է հատուկ արժանիքների լրացուցիչ դափնեկիրների մասին։ Բերնի Տոուփինը, Էդի Պալմիերին և Սիլվիա Ռոնը կստանան հոգաբարձուների մրցանակներ, իսկ Ջոն Չոունինգը կպարգևատրվի տեխնիկական Գրեմմի մրցանակով։