
Փաստաբան Աննա Ծառուկյանն անդրադարձել է իշխանության կողմից հրապարակ նետված «փաստաթղթին», ըստ որի՝ Կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը իբր ԿԳԲ գործակալ է։ Նա Նա գրել է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Վերջերս լրատվությամբ հրապարակվել է տեղեկություն այն մասին, թե իբր Կաթողիկոսի եղբայր Եզրաս Ներսիսյանը հավաքագրվել է Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) կողմից՝ «Կարո» ծածկանվամբ։
Որպես իրավաբան՝ նշված հրապարակման առնչությամբ իմ մոտ առաջացել են մի շարք իրավական և փաստական հարցադրումներ, որոնց պարզաբանումը, համոզված եմ, գտնվում է ինչպես ներկայիս Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցների, այնպես էլ նախկինում նման լիազորություններ իրականացրած անձանց մասնագիտական իրավասությունների շրջանակում։
Այդ նպատակով սիրով հրավիրում եմ նրանց մասնակցելու «Փաստաբանը և Դու» հաղորդաշարի շրջանակում նախատեսվող քննարկմանը՝ ներկայացվող հարցադրումների և փաստական նյութերի շուրջ անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար։
Ստորև ներկայացվում են ԽՍՀՄ ԿԳԲ-ի արդեն իսկ գաղտնազերծված գործակալական հաշվառման փաստաթղթերի արխիվից վերցված օրինակներ, որոնք առաջարկվում է համեմատել Եզրաս Ներսիսյանի վերաբերյալ ենթադրյալ հավաքագրման փաստաթղթի հետ՝ հաշվի առնելով ԽՍՀՄ ՊԱԿ նախագահի 04.07.1983 թ. №00145 հրամանով սահմանված պարտադիր կարգավորումները և պահանջները։
Ներկայացվող համեմատական վերլուծության նպատակն է պարզել՝
արդյո՞ք տվյալ փաստաթուղթը համապատասխանում է գործակալական հաշվառման իրավական և ձևական չափանիշներին, և
արդյո՞ք այն կարող է ունենալ իրավական և ապացուցողական արժեք։
Հրաման №00145, կետ 42-ը պահանջում էր, որ՝
. քարտը լինի 3 կամ 3-ա ձևի,
.պարունակի հստակ կառուցվածքային դաշտեր (անուն, ազգանուն, ծննդյան տվյալներ, հաշվառման տվյալներ և այլն),
.կազմված լինի ռուսերենով։
Տվյալ փաստաթուղթը ունի հաշվառման քարտին բնորոշ դասավորություն, ունի համարակալում, ստորագրության դաշտ, հաշվառման նշումներ, ձևով հիշեցնում է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալական քարտ։
Այս իմաստով՝ արտաքինորեն համապատասխանում է հրամանի կիրառման շրջանակին։
Կոպիտ խախտումներ՝ հրամանի 42-րդ կետի նկատմամբ` լրացման եղանակի խախտում
Հրամանը պահանջում էր․ «լրացվում են մեքենագրությամբ կամ ձեռագիր՝ քիմիական մանուշակագույն թանաքով»։ Քարտում տեսանելի է՝ տարբեր գույնի թանաք, գրիչի անհամաչափ հետքեր, որոշ տեղերում՝ մատիտանման կամ սև թանաք։ Խախտում է լրացման պարտադիր տեխնիկական պայմանը։
Հրամանը պահանջում էր․ «ընթեռնելի, առանց ջնջումների, մաքրումների և ուղղումների》Քարտում առկա է․ անընթեռնելի ձեռագիր,
ջնջված, վերագրած, ուղղված հատվածներ,
գծված ու կրկնակի լրացված դաշտեր։
Սա ուղղակի խախտում է հրամանի տեքստը։
ԱԱՀ (ազգանուն, անուն, հայրանուն) տպագիր տառերով չգրելու խախտում
Հրամանը հստակ ասում է․
«Ազգանունը, անունը և հայրանունը գրվում են տպագիր տառերով»
Քարտում անուն–ազգանունը գրված է ձեռագիր, հայերենով, կուրսիվով, որոշ տեղերում անգամ դժվար ընթեռնելի։ Սա ամենակոպիտ խախտումներից է, քանի որ հենց նույնականացման հիմքն է։
Այս խախտումների համակցությամբ կարելի է իրավաբանորեն ձևակերպել, որ՝
քարտը չի կարող համարվել պատշաճ ձևով կազմված գործակալական հաշվառման փաստաթուղթ,
չի համապատասխանում ԽՍՀՄ ՊԱԿ նախագահի 04.07.1983 թ. հրամանի №00145 պարտադիր պահանջներին,
և չի կարող ինքնուրույն ապացուցել անձի գործակալ լինելը։
Ներկայացված հաշվառման քարտը, չնայած արտաքին ձևով հիշեցնում է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալական հաշվառման փաստաթուղթ, չի համապատասխանում ՊԱԿ նախագահի 04.07.1983 թ. №00145 հրամանի 42-րդ կետի պարտադիր պահանջներին՝ լրացման եղանակի, ընթեռնելիության, ուղղումների բացակայության և նույնականացման տվյալների ձևի առումով, ինչի հետևանքով դրա իրավական և ապացուցողական արժեքը կասկածելի է։
Ինչո՞ւ դա բավարար չէ գործակալ լինելու համար։
Գործակալական կարգավիճակը առաջանում էր ոչ թե պարզապես անուն գրելով, այլ՝
հավաքագրման վերաբերյալ հաստատված որոշում,
գաղտնի համագործակցության համաձայնություն (գրավոր կամ փաստաթղթավորված բանավոր),
գործակալական կեղծանուն,
պարբերական հաղորդումներ,
գործակալական գործ (дело агента)։
Այս ներկայացրած քարտում՝
չկա կեղծանուն (կամ չի ձևակերպված պատշաճ),
չկա հավաքագրման ակտի հղում,
չկա գործի համար,
չկա որ ԽՍՀՄ հանրապետության ՊԱԿ_ում է հավաքագրցել,
չկա ստորաբաժանման հաստատման նշում։
Այսինքն՝ «բաժնի պետի» նշումը մեկուսացված տվյալ է։
Քարտում որպես հավաքագրող կամ պատասխանատու նշված անձի առկայությունը անգամ չի կարող ինքնին ապացուցել անձի գործակալական կարգավիճակը, քանի որ առանց հավաքագրման փաստի պատշաճ ձևակերպման, համաձայնության արձանագրման և գործակալական գործի առկայության նման նշումը կրում է միայն ներքին վարչական բնույթ։
Հետևաբար, հարգելիներս, իմ իրավական տաղավարում սպասում եմ այս հարցերին պարզաբանումներ տվողներին և կարծում եմ հանրությունը պետք է իմանա այս հարցերի պատասխանները»,- գրել է փաստաբանը։