ԱՄՆ-ը Սիրիայում զանգվածային հարվածներ է հասցրել ԻՊ թիրախներին

Ուրբաթ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ թիրախների՝ որպես հատուցում ամերիկացի զինծառայողների վրա հարձակման դիմաց, հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները:

Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան վերջին ամիսներին Սիրիայում օդային հարվածներ և ցամաքային գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» զինյալների դեմ, հաճախ՝ սիրիական անվտանգության ուժերի ներգրավմամբ:

Նախորդ շաբաթավերջին Սիրիայում ենթադրաբար «Իսլամական պետության» հարձակման հետևանքով ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո նախագահ Դոնալդ Թրամփը հատուցում էր խոստացել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հարվածները թիրախավորել են «ԻՊ զինյալներին, ենթակառուցվածքները և զենքերի վայրերը», և որ գործողությունը կոչվում էր «Բազեի աչք գործողություն»:

«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակում է: Այսօր մենք որսացինք և սպանեցինք մեր թշնամիներին: Բազմաթիվ [թշնամիների]: Եվ մենք շարունակելու ենք», – ասել է Հեգսեթը:

Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ Սիրիայի կառավարությունն ամբողջությամբ աջակցում է հարվածներին: Հյուսիսային Կարոլինայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը գործողությունը որակել է «զանգվածային» հարված ԻՊ անդամներին և վստահեցրել, որ այն շատ հաջող էր:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել յոթ տասնյակից ավելի թիրախների Սիրիայի կենտրոնում: Գործողությունում ներգրավվել են ամերիկյան F-15 և A-10 ռազմական օդանավեր, Apache ուղղաթիռներ և HIMARS հրթիռային համակարգեր, հորդանանյան ռազմական օդանավերն օժանդակել են գործողությանը:

Սիրիան արտգործնախարարության հայտարարությամբ վերահաստատել է իր անսասան նվիրվածությունը «Իսլամական պետության» դեմ պայքարին և վստահեցրել, որ այդ ահաբեկչական խմբավորումն «անվտանգ ապաստան չունի սիրիական տարածքում»:

Դեկտեմբերի 13-ին Սիրիայի կենտրոնական Պալմիրա քաղաքում ամերիկյան և սիրիական զորքերի շարասյան վրա հարձակման հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինծառայողներ և քաղաքացիական անձ թարգմանիչ, ևս երեք ամերիկացի զինվորներ վիրավորվել են: Հարձակվողը սպանվել է:

Leave a Comment