Անանյանն` ադրբեջանական բենզինի ներմուծման մասին․ Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»

Անանյանն` ադրբեջանական բենզինի ներմուծման մասին․  Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»

19 դեկտեմբերի 2025 – 17:55 AMT

PanARMENIAN.Net – ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծման շուրջ առաջացած հանրային աղմուկը, բնականաբար, ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ, սակայն, թեմային սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից մոտենալու դեպքում, պատկերը շատ ավելի խորն ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ նրա՝ «տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»։

«Սկսենք պարզից ու ակնհայտից։ Այն երկրները, որոնք չեն արտադրում իրենց տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ապրանքներ, օրինակ՝ էներգակիրներ, օբյեկտիվորեն ստիպված են դրանք ներմուծել։ Այդ իմաստով՝ ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիան ինքնին բացասական երևույթ չէ։ Ավելին՝ նեղ տնտեսական տրամաբանությամբ այն կարող է դիտվել որպես ռիսկերի նվազեցման գործիք», – նշել է Անանյանը։

Սակայն, ըստ նրա, այստեղ ավարտվում է պարզ տնտեսական մեկնաբանությունը և սկսվում է իրական քաղաքական-տնտեսական վերլուծությունը։ Նա մատնանշել է, որ ցանկացած ներմուծում՝ անկախ ապրանքի տեսակից, նպաստում է արտահանող երկրի ՀՆԱ-ին։

«Այլ կերպ ասած՝ երբ Հայաստանը ներմուծում է ադրբեջանական բենզին, Հայաստանի սպառողի վճարած դրամը, վերափոխվելով արտարժույթի, ուղղակիորեն մասնակցում է Ադրբեջանի ՀՆԱ-ի ձևավորմանը։ Սա ոչ բարոյական գնահատական է, ոչ էլ հռետորական հնարք։ Սա դասական մակրոտնտեսական փաստ է», – գրել է նա։

Անանյանը հակադարձել է նաև այն տեսակետին, թե սա մասնավոր բիզնեսի կայացրած որոշում է՝ շեշտելով, որ մասնավոր հատվածը գործում է այն ինստիտուցիոնալ միջավայրում, որը ձևավորում է պետությունը։

Նրա կարծիքով՝ պատասխանատու բիզնեսը չի կարող անտեսել ազգային անվտանգությանը վերաբերող հանգամանքները։

«Մեր ընկալմամբ, կորպորատիվ պատասխանատու բիզնեսը այն բիզնեսն է, որը՝

  • ունի ազգային կապիտալ ձևավորելու ռազմավարական նպատակադրում,
  • իրականացնում է արտահանմանն ուղղված կամ ներմուծումը փոխարինող գործունեություն,
  • և սկզբունքորեն չի ֆինանսավորում այն երկրների տնտեսությունները, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, կամ որոնք հանդիսանում են թշնամի կամ բացահայտ թշնամաբար տրամադրված պետություններ», – գրել է նա։

Նա ընդգծել է, որ այս մոտեցումը իդեալիզմ չէ, այլ տնտեսական ռացիոնալություն՝ հիմնված պետական շահի վրա։ Ըստ Անանյանի՝ Հայաստանում առկա է տնտեսական քաղաքականության բացակայություն, քանի որ չկա հստակ ձևակերպում, թե որ երկրներից ներմուծումը պետք է խրախուսել, որից սահմանափակել։

«Երբ պետությունը չի ձևակերպում իր ազգային տնտեսական շահի շրջանակը, շուկան ինքն է սկսում գործել՝ առաջնորդվելով կարճաժամկետ շահույթով։ Իսկ կարճաժամկետ շահույթը երբեք չի կառուցում անվտանգություն, ինքնիշխանություն կամ երկարաժամկետ զարգացում», – նշել է նա։

Ամփոփելով՝ Անանյանը եզրակացրել է, որ Ադրբեջանից բենզինի ներմուծումը ընդամենը մեկ գործարք չէ, այլ խորքային համակարգային խնդիրների արտահայտություն։

Ըստ նրա՝ երբ տնտեսությունը ներկայացվում է որպես ապաքաղաքական, «իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այն փաստը, որ Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքով բեռնված գնացք է ուղևորվել։

Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեկտեմբերի 18-ին նավթամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի Ադրբեջանից Հայաստան։ Նշվում է, որ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ կուղարկվի SOCAR պետական նավթային ընկերության կողմից արտադրված АИ-95 տեսակի բենզինով լցված 22 վագոն։ Գնացքն արդեն ՀՀ–ում է։

Leave a Comment