Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ, հայտնում է Մայր Աթոռը:
Ժողովն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ «իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին»։
Քննարկման առարկա են դարձել հոգևորականների ու եկեղեցու զավակների նկատմամբ իրականացվող «ապօրինի հետապնդումները և քրեական վարույթներով իրավական գործընթացները»։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է իր պահանջը ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և այլ հայորդիների նկատմամբ։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի է նկատել իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է Մայր օրենքին:
Խորհուրդը քննել է նաև վարչապետի ներկայությամբ մատուցվող պատարագներին կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ «Ընդգծվեց, որ սույն երևույթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի նկատեցին, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին», – ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով տասը եպիսկոպոսների «խոտոր ընթացքին», միաբանությունից ինքնամեկուսացմանը և ԳՀԽ անդամ եպիսկոպոսների բացակայությանը ժողովներից՝ ԳՀԽ-ն իր մտահոգությունն է հայտնել վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ՝ այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի և հարված Եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համար նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։
Ինչ վերաբերում է ժողովից առաջ երեկոյան ժամերգությանը, Մայր Տաճարի շրջափակում եպիսկոպոսաց կազմակերպած հավաքի պատճառով հրահրված անկարգություններին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։
Երեկ 10 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները հավաք էին հրավիրել Սուրբ Էջմիածնում, այնտեղ ներկայացրել նամակ կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Մայր Աթոռում հավաքվել էին նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ, ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նախաձեռնությունների անդամներ՝ իրենց աջակցությունը հայտնելով: Իր ելույթում կաթողիկոսը սրբազաններին կոչ էր արել վերադառնալ կանոնական դաշտ:
