Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ «Տարվա վերադարձ» անվանակարգի հաղթող (ՎԻԴԵՈ)

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հատուկ անդրադարձ է կատարել  Ամոյանի անցած ուղուն՝ ընդգծելով նրա կամային հատկանիշները. ՎԻԴԵՈ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ «Տարվա վերադարձ» անվանակարգի հաղթող (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 2025 թվականի «Տարվա վերադարձ» անվանակարգում հաղթող է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը։ Այս մասին տեղեկացրել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ հրապարակմանը կից կիսվելով Ամոյանի անցած ճանապահով.


«Ամոյանը դժվար պայքար է տարել Աշխարհի չեմպիոնի կոչումը վերադարձելու համար։ Վերջին անգամ նա այդ տիտղոսը նվաճել էր 2021-ին, Օսլոյում։ 72 կիլոգրամ քաշային կարգից 77 կգ-ի անցումը նրա համար հեշտ չէր։ 2022-ին և 2023-ին նրան մեկ քայլ էր բաժանում ոսկուց՝ նվաճեց բրոնզե մեդալներ, իսկ 2024-ի Օլիմպիական խաղերում նա կրկին երրորդն էր։ 2025 թվականն այլ էր։ 26-ամյա Ամոյանը Զագրեբի Աշխարհի առաջնության եզրափակչում ցույց տվեց իր լավագույն ելույթը՝ անսպասելիորեն 9։1 հաշվով հաղթելով Փարիզի Օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային (խմբ. Հենց նրան էր Ամոյանը պարտվել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում)»,-գրում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։


Ամոյանի խոսքը ևս մեջբերում է ֆեդերացիան.


«Ես Աշխարհի չեմպիոն էի դարձել 72 կգ քաշային կարգում, բայց, իսկապես, ցանկանում էի ոսկե մեդալ նվաճել 77 կգ-ում։ Երկու տարի պայքարել եմ վնասվածքների դեմ, եղել են ձախողումներ։ Բայց ուրախ եմ, որ Աշխարհի առաջնությունում պատրաստ էի ինչպես մտքով, այնպես էլ ֆիզիկապես ու ֆունկցիոնալ առումով։ Աստծո շնորհիվ կարողացա հաղթանակ տանել ու դառնալ Աշխարհի կրկնակի չեմպիոն»,- ասել է Ամոյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։


Ավարտվող տարում Ամոյանը նվաճել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։


Leave a Comment