Վիզաների ազատականցման ճանապարհին. քայլերն ու գործողությունների ծրագիրը

2025 թ․ նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Երևանում հայկական կողմին պաշտոնապես փոխանցեց ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է 74 հենանիշներ (benchmark), որոնք բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝ փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգը, սահմանների համալիր կառավարումը, միգրացիայի կառավարումը և ապաստանը, հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։ Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանի ու ԵՄ պաշտոնյաների հանդիպումները։ Դրանք տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ։

ԵՄ առաջին գնահատող խումբն առաջիկայում կայցելի Հայաստան՝ վերլուծելու վիզաների ազատականացման գործընթացի առաջին փուլը։ Ժամկետներ, սակայն, այս պահին չեն նշվում։ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը գործնական հիմքերի վրա դրվեց, ըստ էության, մեկ տարվա ընթացքում։ Ավելի արագ, քան որևէ այլ երկրի դեպքում էր։ Բանակցությունները սկսվեցին 2024-ի աշնան վերջին, 2025 թ․ աշնան վերջին արդեն փաստաթուղթը ներկայացված է։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան․ «Սա նաև կարևորագույն հնարավորություն է՝ ապահովելու մարդկային, տնտեսական, մշակութային, կրթական կապերը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև»։

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներն ասում է՝ դրանք նպատակներ են, որոնց պետք է հասնել հետագա տարիներին․

 «Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է և կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց նպատակին»։

74 հենանիշ (benchmark)՝ չորս հիմնական ուղղություններով։ Գնահատումը կլինի երկաստիճան՝ իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում, դրանց գործնական իրականացում և կիրառություն:

ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյան․ «Գործողությունների ծրագիրը բաղկացած է չորս խումբ նյութերից՝ առաջինը վերաբերում է փաստաթղթերի անվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, փաստաթղթերին առնչվող համակարգերին, երկրորդ խումբ հարցերը առնչվում են միգրացիայի կառավարմանը»։
Հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունումը, իրականացումը, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի հզորացումը՝ այդ թվում՝ հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրարկումն ու կանխարգելիչ և քննչական գործիքակազմի ընդլայնումը ևս ներառված են ծրագրում։ Հակախտրականության օրենսդրության հզորացում և կիրառություն՝ ապահովելով համընդհանուր հավասարություն, տեղեկատվական փոխանակման և համագործակցության խորացում ԵՄ կառույցների հետ, ներառյալ՝ Եվրոպոլը (Europol), ԵՄ սահմանային և առափնյա գործակալությունը (Frontex)։ Ֆրոնտեքսի հետ աշխատանքային համաձայնագիրը վերջնական տեսքի է բերվում։  

Հայաստանը քայլ առ քայլ իրականացնում է գործողությունների ծրագրում ներառված միջոցառումները։ Դրանց նախապատրաստվելը սկսվել է ավելի վաղ՝ մինչև ԵՄ–ն Հայաստանին կհանձներ գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթերի անվտանգությունը առաջնային խնդիր է, որը պետք է լուծվի։ Խնդիրներ կան կենսաչափական համակարգերի հետ կապված։

Կենսաչափական անձնագրերը Հայաստանում ինչ որ մի պահի դադարեցին գործել, քանի որ դրանցում տեղադրված չիպերը աշխարհում այլևս չեն արտադրվում։ Նոր չիպերի ներդրման  համար ընտրվել է հայտնի ֆրանսիական մի կազմակերպություն՝ «Ին գրուպը»։  Կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրումն արդեն հաջորդ տարի առաջին գործնական քայլերը կտա։

ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյան․ «Ակնկալում ենք, որ մենք հաջորդ տարի արդեն կկարողանանք Հայաստանի քաղաքացիներին բարձրակարգ ու ամենաարդիական պաշտպանված կենսաչափական փաստաղթերով սպասարկել։ Սա այն նպատակն է, որը ԵՄ–ն անցնում է այն երկրների հետ, որոնց հետ անցնում է վիզաների ազատականացման գործընթացը»։

Միգրացիոն հոսքերի կառավարումը կարևորվում է ՀՀ –ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսելում  Անօրինական միգրացիայի դեմ պայքարի գլոբալ դաշինքի 2-րդ միջազգային համաժողովում ևս կարևորել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը։

« ՀՀ-ն այս մասնակցությամբ նաև միացել է Գլոբալ դաշինքին, ինչը թույլ է տալիս միավորելու ջանքերը անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում, որն, ըստ էության, դարձել է արդեն համաշխարհային մարտահրավեր։ Այստեղ կարիք կա իրականում միավորելու ջանքերը։ Նշեմ նաև, որ մասնակցել ենք պանելային քննարկման, որտեղ անդրադարձել ենք նաև թվային գործիքների միջոցով անօրինական միգրացիայի դեմ պայքարի կարևորությանը, նաև թվային գործիքները դիտարկվել են թե՛ որպես առավելություն, և թե՛ որպես մարտահրավեր, որի շրջանակներում կարող են այսպիսի հարցերն առաջանալ»։

Անօրինական միգրացիայի դեմ պայքարելու գործիքակազմերը տարբեր են։ Այստեղ ԵՄ երկրների հետ Հայաստանն ունի ռեադմիսիոն համաձայնագրեր։

Վիզաների հետագա ազատականացման հնարավոր ազդեցության նախնական գնահատմամբ՝ վիզաների մերժման մակարդակը գրեթե անփոփոխ է մնացել 2019-2023 թթ։ Ըստ վիճակագրության՝  այդ ժամանակահատվածում տրամադրված վիզաների ընդհանուր թիվն աճել է 36 %-ով։ 2024–ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մերժումների մակարդակը մնացել է կայուն՝ 12,4 %, իսկ վիզայի դիմումների թիվն աճել է՝ 2023–ի 80.356-ից 2024–ին հասնելով 100.352-ի։ Ըստ Գործողությունների ծրագիր ներառված տվյալների՝ ԵՄ-ում ապօրինի գտնվող և ձերբակալված ՀՀ քաղաքացիների թիվը 2019–ի 2․150-ից 2023–ին հասնել է 2․295-ի։ ԵՄ-ում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նույնպես փոքր-ինչ աճել է՝ 2019–ի 4․655-ից 2024–ին հասնելով 5․125-ի (6․110՝ 2023–ին)։

Ծրագրով ակնկալվում է, որ պետք է ամբողջությամբ ապահովվի և կիրառվի ԵՄ-ի և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրի իրականացումը։ Կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելում և դրանց դեմ պայքար․ սա գործողությունների ծրագրի հերթական ոլորտն է։ Քրեական գործերով դատական գործակցություն իրավապահ մարմինների հետ։ Տվյալների պաշտպանությունը ևս ուղենշային է։ Վիզաների ազատականացման ճանապարհին կարևոր է բիոտմետրիկ անձնագրերի հարցը։ Այդ ուղղությամբ համալիր աշխատանքը սկսվել է ընթացիկ տարվա ապրիլի 25–ից։

Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները նույնպես Հայաստան է այցելելու, բայց 2026–ի մարտին։ Իսկ մինչև այդ, Հայաստանի ներքին գործերի նախարարն է նրան ներկայացրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների, այդ թվում ՝ բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության և այլ ուղղություններով արված քայլերը։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան․ «Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են վիզաների ազատականցմանը, նաև վերջերս Հայաստանին հանձնված գործողությունների ծրագիրը, գարնանը հանձնակատարի՝ Հայաստան կատարելիք այցը»։

Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդգծում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներն ամփոփելիս Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի  քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու համար  համատեղ մեկնարկել է Վիզաների ազատականացման երկխոսությունը

«Տեսնում ենք առաջընթաց՝ ներառյալ Գործողությունների ծրագրի միջոցով։ Չափորոշիչների կյանքի կոչումից հետո մենք կապահովենք կապահովենք բարելավված շարժունակություն։ Հավատարիմ լինելով բարեփոխումներին՝ մենք ապավինում ենք ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությանն այս ճանապարհին, որը տանում է դեպի վիզային ռեժիմի վերջնական ազատականացում»։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը ևս  ընդգծում է համագործակցության շարունականությունը․

 «Համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր ձեր երկրի համար` ավարտվեց Հայաստան – Ադրբեջան կոնֆլիկտը, և ԵՄ–ն աջակցում է ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվել է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին։

Վիզաների ազատականացումը աշխատանքային իրավունք չէ, ոչ էլ որևէ այլ իրավունք՝ շեշտում է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը

«Սա ԵՄ տարածքում աշխատելու հնարավորություն չէ, երկարաժամկետ մնալու հնարավորություն չէ։  Մեկ տեսակի վիզայի՝ Շենգեն Ց տեսակի վիզայի մեկ տարվա ընթացքում՝ 180 օրվա ընթացքում 90 օր կարող է մուտք գործել ու մնալ Շենգեն գոտու տարածքում»։

Այս դրույթը նշված է նաև Հայաստան – ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում։

Երկխոսության ճանապարհին առաջին քայլերն արդեն նշմարվում են։ Ավելի հեշտ ԵՄ երկրներ գնալու հնարավորության մասին առաջինը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնեց։ Նրա հայտարարությունը, որ վիզաներ ստանալիս այլևս հերթեր չեն լինելու՝ Հայաստանի վարչապետն է փոխանցում․

ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակման նպատակով Հայաստան է ժամանել ԵՄ փորձագիտական երկու առաքելություն։ Այդ առաքելությունների զեկույցների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը ներկայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատմանը։ Այնուհետև փաստաթուղթը վերջնականացվել է և փոխանցվել հայկական կողմին: Վիզաների ազատականացման գործընթացը համակարգում է ՀՀ ՆԳ նախարարությունը՝ ներգրավելով համապատասխան գերատեսչությունների։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման նման ճանապարհ անցել է  8 երկիր՝ 3-ը Արևելյան գործընկերության շրջանակում ու 5-ը՝ Արևմտյան բալկաններից։

Leave a Comment