Վարպետ․ Այնթապի ասեղնագործությունը ՅՈւՆԵՍԿՕ–ն ճանաչել է Թուրքիայի ժառանգություն՝ խիստ արձագանք է պետք

Վարպետ․ Այնթապի ասեղնագործությունը ՅՈւՆԵՍԿՕ–ն ճանաչել է Թուրքիայի ժառանգություն՝ խիստ արձագանք է պետք

19 դեկտեմբերի 2025 – 17:22 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ժողովրդական վարպետ, ասեղնագործության մասնագետ և մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ Լուսինե Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանին՝ իր դժգոհությունը հայտնելով Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից որպես թուրքական ժառանգություն գրանցվելու վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով նամակի բովանդակությունը։

«ՏԵՂԵԿԱՆՔ․ Այնթապի ասեղնագործությունը միանշանակ հայկական ասեղնագործություն է և կարիք չունի դա ապացուցելու․ բազմաթիվ են պատմական վկայությունները, թանգարանային տվյալները և նմուշները, հրապարակված գրքերը, հոդվածները, Հայաստանի կենդանի վարպետները և աշակերտները, դիզայներական զարգացումները և կիրառումը։ Բոլոր հարցերի պատասխանը կա։

Ըստ այդմ, ես՝ Լուսինե Մխիթարյանս, ՀՀ ժողովրդական վարպետ, իմ բողոքի ձայն եմ բարձրացնում և պահանջում եմ, որ պատասխանեք հետևյալ հարցերին և կատարեք Ձեր պաշտոնական գործողությունները, արձագանքեք իմ պահանջներին։

1․ Ե՞րբ եք տեղեկացել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն ունի Այնթապի ասեղնագործությունը գրանցելու որոշում և ի՞նչ նախաձեռնեցիք, երբ դա իմացաք։ Քննարկե՞լ եք արդյոք այդ հարցը որևէ անձի կամ կազմակերպության հետ։

2․ Ինչպե՞ս են բողոքարկում արդեն ընդունված որոշումը։ Պահանջում եմ, որ Դուք հայտնեք Ձեր պաշտոնական կարծիքը այդ որոշման վերաբերյալ․ բողոք ներկայացնեք ՅՈւՆԵՍԿՕ։

3․ Պահանջում եմ գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Այնթապի ասեղնագործությունը որպես հայկական։ Զուգահեռ գրանցման դեպքեր ՅՈւՆԵՍԿՕ-ում կան։

4․ Պահանջում եմ, որ հայտեր ներկայացվեն հայկական ասեղնագործության բազմաթիվ ճյուղերը գրանցելու որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեք։ Եթե քննարկում կազմակերպեք, ապա ասեղնագործության ոլորտի ցանկացած ներկայացուցիչ կպարզաբանի հարցը։

5․ Պահանջում եմ, որ հայտարարեք, որ այլ ազգերի մշակույթը յուրացնելը Ցեղասպանության տարրերից մեկն է հանդիսանում, և անընդունելի է։

6․ Ինչպե՞ս է ազդելու արդեն ընդունված այդ որոշումն անմիջապես Հայաստանում աշխատող Այնթապի ասեղնագործության վարպետների վրա, ՀՀ թանգարաններում ներկայացված Այնթապի ասեղնագործությունների անձնագրերի վրա, արդեն հրապարակված գրքերի ու հոդվածների վրա, այդ թվում օտարազգի մասնագետների հոդվածների։ Ի՞նչ հետևանքներ ունի միջազգային թանգարաններում պահվող Այնթապի հայկական ասեղնագործությունների համար։ Օրինակ ես, իմ աշակերտներին ցույց տալով Այնթապի ասեղնագորխությունը պե՞տք է ասեմ, որ սա «Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգությունն է»։ Ինչպե՞ս է դա հնարավոր։

Հ․Գ․ Այս նամակը հանրային է, և Հայաստանում շատ մարդիկ, լրատվամիջոցները, ասեղնագործության վարպետները տեղյակ են դառնալու իմ այս նամակի բովանդակությանը և Ձեր պատասխանի բովանդակությանը։

Անհամբեր սպասում եմ Ձեր պատասխանին, մեծ հույսով, որ սրտացավ կմոտենաք հարցին։ Եթե խիստ արձագանք չլինի կատարվածին, ապա նմանատիպ քայլերը՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը, շարունակվելու են։ Ձեր գործողություններից է կախված նաև հետագա անարդար որոշումները կանխելը։ Նմանատիպ նամակ-բողոք ուղարկում եմ նաև ԿԳՄՍ նախարարություն»,–ասվում է նամակում։։

Leave a Comment